Շատ չափանիշներով Երկիրը փոքր է: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը՝ Յուպիտերը, կարող է իր մեջ ավելի քան 1300 Երկիր տեղավորել: Սակայն Երկիրն Արեգակնային համակարգի ամենափոքր մոլորակը չէ. այդ տիտղոսը տրվեց Մերկուրիին, երբ 2006-ին Պլուտոնը դասվեց գաճաճ մոլորակների շարքը: Այդուհանդերձ, կա՞ն արդյոք ավելի փոքր մոլորակներ։ Եվ եթե այո, մենք գիտե՞նք որևէ մեկի մասին, գրում է Space.com-ը:
Զարմանալի չէ, որ շատ փոքր էկզոմոլորակները կամ այլ աստղերի շուրջը պտտվող մոլորակները չափազանց դժվար է նկատել: Սակայն գիտնականների հայտնաբերածներից ամենափոքրը Kepler 37-b-ն է, որը հայտնաբերվել է 2013-ին՝ Kepler տիեզերական աստղադիտակի տվյալների ուսումնասիրության շնորհիվ։ Այն փոքր է Մերկուրիից և մոտ նույն չափերն ունի, ինչ Երկրի արբանյակ Լուսինը:
«Մենք գտնում էինք Երկրի չափ բավական շատ օբյեկտներ, սակայն ոչ շատ ավելի փոքր։ Դա մի տեսակ արտասովոր էր»,- ասել է NASA-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի աստղաֆիզիկոս և 2013-ին առաջին անգամ այս մոլորակի նույնականացման մասին հոդվածի հեղինակ Թոմաս Բարքլին։
Ինչպես Kepler տիեզերական աստղադիտակի կողմից հայտնաբերված բոլոր էկզոմոլորակները, Kepler 37-b-ը հայտնաբերվել է տարանցման մեթոդ կոչվող տեխնիկայի միջոցով: Երբ հեռավոր մոլորակները պտտվում են իրենց աստղերի շուրջը, նրանք անցնում են իրենց աստղերի դիմացով՝ ստեղծելով աստղի մի փոքր խավարում: Մեր Արեգակնային համակարգի համեմատ ճիշտ դիրքում գտնվող աստղերի և մոլորակների համար գիտնականները կարող են վերլուծել այդ խավարումը և եզրակացություն անել ոչ միայն մոլորակի գոյության փաստի, այլև նրա որոշ հատկությունների մասին՝ ինչից է այն կազմված, աստղից հեռավորությունը, չափը և այլն:
Ինչպես հուշում է դրա անունը, այս փոքրիկ էկզոմոլորակը պտտվում է Kepler-37 աստղի շուրջը, որը գտնվում է Երկրից մոտ 209 լուսատարի հեռավորության վրա: Kepler-37-ը աստղերի նույն տեսակն է, ինչ արևը, բայց մի փոքր ավելի փոքր է և սառը: Այն նաև հյուրընկալում է երեք այլ մոլորակներ, թեև ոչ մեկն այնքան փոքր չէ, որքան Kepler 37-b-ը: Բարքլին նշել է, որ Kepler-37-ի, և, հետևաբար, Kepler 37-b-ի չափը հաստատելու համար իր թիմն աշխատել է գործընկերների հետ, որոնք օգտագործել են աստերոսեյսմոլոգիա՝ աստղի պայծառության բնական տատանումների վերլուծություն:
Kepler 37-b-ը քարքարոտ է և շատ ավելի մոտ է իր աստղին, քան Երկիրը կամ նույնիսկ Մերկուրին Արեգակին: Հետևաբար, Kepler 37-b-ին անհրաժեշտ է ընդամենը 13,4 երկրային օր իր աստղի շուրջը պտտվելու համար: Ինչպես Մերկուրին, այն, հավանաբար, ունի չափազանց կոշտ մակերես և չունի մթնոլորտ:
Բայց արդյոք Kepler 37-b-ն իսկապե՞ս մոլորակ է: Այն, իհարկե, նման չէ Արեգակնային համակարգի մոլորակներից որևէ մեկին: Իրականում, մոլորակ հասկացության սահմանումը հիմնականում հարմարեցված է մեր արեգակնային համակարգին, ասել է Բարքլին: Միջազգային աստղագիտական միության համաձայն՝ մոլորակը պետք է պտտվի իր աստղի շուրջը, լինի այնքան մեծ, որ գնդաձև տեսք ստանա և մաքրի իր ուղեծիրն ու շրջակա տարածքը այս չափի այլ օբյեկտներից:
Էկզոմոլորակների դեպքում ավելի դժվար է միանշանակ ասել, և հատկապես դժվար է ասել, թե արդյոք էկզոմոլորակն իսկապես մաքրում է իր ուղեծիրը բեկորներից և նմանատիպ չափի առարկաներից, ասել է Բարքլին: Բայց Kepler 37-b-ի դեպքում առանձնապես կասկած չկա: «Դա բավականաչափ մեծ է և ունի բավականաչափ ձգողականություն, այն բավական մոտ է իր աստղին, որպեսզի մաքրի ազդեցության գոտին։ Այնպես որ, այն, անշուշտ, ցանկացած սահմանմամբ կհամարվի մոլորակ»,- հավելել է նա:
Չնայած Kepler 37-b-ը կրում է «ամենափոքր մոլորակի» տիտղոսը ավելի քան մեկ տասնամյակ, այն հավերժ չի կրի այդ անվանումը, ասել է Բարքլին։ Թեև Kepler տիեզերական աստղադիտակը շահագործումից դուրս է եկել 2018-ին, գիտնականները նոր ուղիներ են մշակում էկզոմոլորակները հայտնաբերելու համար, ներառյալ Nancy Grace Roman Space Telescope տիեզերական աստղադիտակի կիրառման միջոցով, որի օպերացիոն գիտնականն է Բարքլին։ Այս աստղադիակը նախատեսվում է գործարկել 2027-ին։