Հայտնի է, թե ինչ երգով է «Լադանիվա» խումբը ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2024» մրցույթում: Տեսահոլովակը հրապարակվել է «Եվրատեսիլ»-ի պաշտոնական յութուբյան ալիքում: Երգը հայալեզու է, կոչվում է Jako, որտեղ երգչուհին պատմում է հենց իր մասին։ Տեսահոլովակն աչքի է ընկնում հայկական մոտիվներով՝ մրգեր, գորգեր, գույներ, Ժակլինն ու Լուին եւս հայկական ոճի հագուստով են։
Այն, որ «Լադանիվա»-ն է ներկայացնելու Հայաստանը այս տարվա «Եվրատեսիլում», հայտնի դարձավ մարտի 9-ին: Հանրային հեռուստաընկերությունը որոշումը կայացրել է ներքին ընտրությամբ։
«Լադանիվա»-ն, որի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը եւ ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը, հայկական ֆոլկի և համաշխարհային երաժշտական ազդեցությունների վառ միաձուլումն է: Բալկանյան մեղեդիներից մինչեւ մալոյայի, ջազի եւ ռեգգիի ռիթմեր. նրանց երգերն ընդլայնում են երաժշտության սահմանները՝ մեկտեղելով հայկական ավանդական մեղեդիները Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի եւ Ռեյունիոն կղզու լայնածավալ ճանապարհորդություններից ներշնչված հնչյունների հետ։ «Լադանիվա»-ի երաժշտությունը խմբի բազմաճյուղ ծագման եւ համաշխարհային մշակույթի նկատմամբ անհագ հետաքրքրության արտացոլումն է:
«Եվրատեսիլ 2024»-ը տեղի է ունենալու Մալմյոյում՝ մայիսի 7-ին, 9-ին եւ 11-ին