Քեմբրիջի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ երկաթի անբավարարությունն արյան մեջ եւ օրգանիզմում նրա կարգավորման մակարդակի խախտումը կարող են լինել երկարատեւ պահպանվող COVID-19-ի պատճառ։ Արդյունքները հրապարակվել են Nature Immunology ամսագրում։
Հետքովիդային համախտանիշը կամ ձգձգված COVID-19-ը տհաճ պաթոլոգիական ախտանշաններ են, որոնք առաջանում են կորոնավիրուսային վարակից հետո եւ պահպանվում են ավելի քան 12 շաբաթ։ Դրանց թվում են հոգնածությունը, ապատիան, կենտրոնանալ չկարողանալը, ինչպես նաեւ գիտակցության մթագնման զգացողությունը։
COVID-19 համավարակի սկսվելուց հետո Քեմբրիջի համալսարանի գիտնականները սկսեցին հավաքել վիրուսի դրական թեստ ունեցող մարդկանց՝ հետազոտման համար։ Մասնակիցները պետք է մեկ տարվա ընթացքում գիտնականներին տրամադրեին արյան նմուշներ՝ դրանում վարակից հետո փոփոխությունները ստուգելու համար։ Նշվել է, որ հետազոտությանը մասնակցել է 214 մարդ։ Նրանց մոտ 45 տոկոսը տեղեկացրել է երկար ընթացող COVID-19-ի մասին ապաքինվելուց 3-10 ամսվա շրջանում։
Մասնակիցների կենսանյութի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արյան մեջ երկաթի ցածր մակարդակը նպաստել է սակավարյունության առաջացմանը եւ խախտել առողջ էրիթրոցիտների՝ արյան կարմիր բջիջների արտադրությունը։ Բացի այդ, ծանր ձեւի COVID-19-ի ժամանակ եւ հետո երկաթի մակարդակի կարգավորման խախտումը ավելի նշանակալի է եղել։
Գիտնականները նշել են, որ երբ օրգանիզմում վարակ է առաջանում, այն արձագանքում է արյան հոսքից երկաթի հեռացմամբ։ Դա պաշտպանիչ մեխանիզմ է պոտենցիալ մահացու մանրէներից, որոնք «զավթում» են երկաթը արյան հոսքում եւ արագ բազմանում։ Երբ այդ պրոցեսը երկար է ընթանում, երկաթի խորացող անբավարարությունը հանգեցնում է այն բանին, որ թթվածինը քիչ արդյունավետությամբ է հասնում օրգանիզմին։ Հենց սրա հետ է կապված ֆիզիկական թուլության, գիտակցության մթագնման եւ ապատիայի մշտական զգացողությունը։