Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է «ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ավելի սերտ կապերի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին» բանաձեւը: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բոլոր խմբակցությունների աջակցությունն ստացած այս փաստաթուղթը ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով: Բանաձեւը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա անսասան աջակցություն է արտահայտում Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ անկախությանը: Նաեւ աջակցություն է հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ջանքերին:
Այս բանաձեւով եվրախորհրդարանն արձանագրել է Հայաստանիձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, ինչը չափազանց կարեւոր է մեր երկրի միջազգային ընկալման համար: Բանաձեւը մեջբերել է անցած տարի հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանի ամբիոնից իմ արած հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է այնգան մոտ լինել ԵՄ-ին, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի ՝ արձանագրելով, որ եթե Հայաստանը կցանկանա ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, ԵՄ ինստիտուտները պետք է աջակցեն»,-ասաց նա:
Փաշինայնը ողջունելով Եվրոպական խորհրարանի բանաձեւը կարծիք հայտնեց, որ այն Հայաստանում քննարկման առարկա պետք է դառնա. «Սա եւս մեկ առիթ է քննարկելու ՀՀ-ի ապագայի տեսլականը եւ հույս ունեմ, որ ՀՀ քաղաքական ուժերը, ՀԿ-ները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն Եվրոպական խորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետեւ նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը:
Միաժամանակ պետք է արտահայտեմ ՀՀ կառավարության կամքը՝ շարունակելու աշխատանքները Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման եւ զարգացման ուղղությամբ»,-ասաց Փաշինյանը: