«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չորսուկես ժամանոց փակ քննարկում է արել: Թվում է` մեկ թեմա պետք է քննարկվեր՝ երկրի առջեւ ծառացած լուրջ մարտահրավերները եւ Տավուշից հանձնվող տարածքների խնդիրը, բայց քննարկվել է մեկ պաշտոնի հարց, թե ով պետք է զբաղեցնի ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի՝ նախարար նշանակվելուց հետո թափուր մնացած պաշտոնը:
Պարզվում է` հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որը ենթադրում է ծառայողական ավտոմեքենա, վարորդ, մոտ 200 հազար դրամի հավելյալ աշխատավարձ, շատերի համար ավելի գայթակղիչ է, քան հարյուրավոր կիլոմետրերի հասնող տարածքները, որոնք Փաշինյանն ուզում է հանձնել Ադրբեջանին:
Այս պաշտոնի համար առաջադրվել է 4 թեկնածու՝ Բաբկեն Թունյանը, ում Վահագն Ալեքսանյանն է առաջադրել, Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանը, իսկ Հովիկ Աղազարյանն ինքնառաջադրվել է։
Թունյանն ինքնաբացարկ է հայտնել, մյուսները ելույթներ են ունեցել, ներկայացրել իրենց տեսլականը, թե ինչ քաջագործություններ են անելու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի պաշտոնում, պատասխանել են գործընկերների հարցերին:
Փակ քվեարկությամբ ամենաշատ ձայները հավաքել է Ծովինար Վարդանյանը՝ 28 ձայն, Ա. Մանավազյանը՝ 21, իսկ Աղազարյանը՝ 5 ձայն: ՔՊ-ականները շոկի մեջ են ընկել Արուսյակ Մանավազյանի ձայների քանակից, որի «ձայնն» ԱԺ-ում այս ընթացքում ոչ ոք չի լսել, բայց հասկացել են, որ Փաշինյանի եւ նրա կնոջ հետ մտերմությունը, նրանց ընտանեկան ֆինանսները կառավարելը, իսկ վերջերս նաեւ ՔՊ կուսակցության ֆինանսները տնօրինելն իրենց դերը խաղացել են, եւ «Հայկական ժամանակի» նախկին գանձապահը վայելում է առաջնորդի անվերապահ վստահությունը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում