Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն հայտնել է «Խաղաղության խաչմերուկի» խիստ կարեւորության մասին Միջին միջանցքի համար։
Մարտի 18-ին Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում նախարարը տեղեկացրել է, որ իր գործընկեր Արարատ Միրզոյանը իրեն ծանոթացրել է հայկական կողմի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Ղազախ նախարարի խոսքով՝ նախագիծը շատ կարեւոր է երկու երկրների եւ նրանց հայտարարած նպատակների համար։
«Որպեսզի Միջին միջանցքը վերջապես օգտագործի իր ամբողջ պոտենցիալը»,- նշել է նախարարը՝ հատկապես ընդգծելով այդ իմաստով Ղազախստանի համար Հայաստանի կարեւոր աշխարհագրական դիրքը։
Հիշեցնենք, որ Միջին միջանցքը Եվրոպան միացնում է Ասիայի հետ։ Ներկայում երթուղին անցնում է Թուրքիայով, Վրաստանով, Ադրբեջանով եւ այնուհետեւ՝ դեպի Միջին Ասիա։ Ադրբեջանը եւ Թուրքիան պահանջում են «միջանցք» Սյունիքի մարզով։ Հայաստանը պատրաստ է բացել հաղորդակցությունները, եթե նույնն անի Ադրբեջանը, ինքնիշխանության, հավասարության եւ փոխադարձության հիման վրա։ Ադրբեջանը պահանջում է միջանցք տրամադրել առանց հայկական կողմի որեւէ մաքսակետի եւ վերահսկման։