ՏՏ ոլորտի ներկայացուցիչները թող հանգիստ լինեն. ԲՏԱ նախարարությունը երբևէ այսքան պրոակտիվ չի եղել. Մխիթար Հայրապետյան
18 մարտի, 2024 15:48
Իմ պաշտոնավարման 2,5 ամսվա ընթացքում երևի թե ՏՏ ոլորտը, առհասարակ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը, ռազմարդյունաբերության ոլորտի հետ մեկտեղ ամենաշատն են արժանացել իմ ուշադրությանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Սա նշանակում է, որ ամենշաբաթյա ձևաչափով մենք անդրադառնում ենք հանրության շրջանում ավելի շատ կիրառելի ՏՏ օրենքին, թեև մենք այն պատկերացնում ենք ավելի լայն լուծման սպեկտրով: Չեմ բացառում, որ օրենքը կվերաբերի առհասարակ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը Հայաստանում: Պետությունն ինչ-որ քայլեր անելու է, սա ես հավաստիացնում եմ»,- ասաց նա:


Դիտարկմանը, որ ոլորտի ներկայացուցիչները բողոքում են, որ նախարարությունն ուշացնում է այդ ուղղությամբ քայլերը, նախարարն ասաց. «Եթե ՏՏ ոլորտի շատ ներկայացուցիչներ ինձ հետ եղել են անկեղծ, ապա ես հակառակը կարող եմ ասել, որ ԲՏԱ նախարարությունը երբևէ այսքան պրոակտիվ չի եղել՝ ընկալելու, հասկանալու ոլորտի խնդիրները և փորձելու գտնել իրական լուծումներ, որոնք ոչ միայն կպահեն ոլորտում առկա տեմպերը և միտումները, այլև առհասարակ թռիչքաձև զարգացում կապահովեն:

Ոլորտի ներկայացուցիչները կարող են հանգիստ լինել, որովհետև կարող եք տեսնել, որ մեր նախարարության շենքում ամեն շաբաթ այդ քննարկումներն ընթանում են: Այս փուլում մենք պարզապես փորձում ենք ոլորտի ներկայացուցիչների հետ ֆիքսել, թե որն է այն հնարավոր առաջարկի փաթեթը, որ գործադիրը կարող է ներկայացնել ոլորտի զարգացման համար: Ինտենսիվ աշխատանքները շարունակվում են։ Մենք լավատես ենք, որ առաջիկա ամիսներին կկարողանանք ընդհանուր հայտարարի գալ լուծումների առումով»:

Ինչ վերաբերում է նրան, որ նախորդ տարի կառավարությունը 10 մլրդ դրամի օգնություն էր հատկացրել տեղական ՏՏ կազմակերպություններին, սակայն գրանցվել էին դեպքեր, որ այդ աջակցությունից օգտված կազմակերպություններից որոշները փակվել էին, նախարարը հաստատեց, որ մի քանի ընկերություններ այդ աջակցությունից հետո, այնուամենայնիվ, չեն կարողացել շարունակել և ոչ թե փակվել են, այլ սառեցրել են իրենց գործունեությունը:

«Մենք պետք է նաև արձանագրենք, թե այդ որոշման արդյունքում մի քանի անգամ շատ ընկերություններ կարողացել են ոչ միայն գոյատևել, այլ զարգացման ծրագրեր իրագործել: Պետք է ամբողջական պատկերը տեսնենք: Ես գտնում եմ, որ կառավարությունը պարտավոր էր ականջալուր լինել այն մտահոգություններին, որոնք այս ծրագրի հետ կապված եղել են և գնալ այն թերացումների հետևից, որոնք տեսականորեն կարող էին թույլ տրված լինել»,- ասաց Մխիթար Հայրապետյանը: