Այս իշխանությունները ինչ եկել են, քաղաքական հետապնդման են ենթարկում հորս, ինձ, եւ այս վերաբերմունքը շատ լավ հայտնի է: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:
«Ես հարց եմ տալիս, ակնկալում եմ պատասխան, բայց արդեն որերորդ դեպքն է, որ պատասխան չեմ ստանում: Ամեն անգամ խոսակցությունը գնում է ուրիշ տեղ, հիշում են նախկին ներկան, արդեն հնացած նույն սկավառակն է սկսում պտտվել: Երեկ էլ նույն շարքից էր, բայց հատկանշական էր այն, որ «կառավարության գլուխ» դիմելաձեւից ավելի շատ նեղվեց, քան «Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ» բնորոշումից»,-ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմության գործունեությունից դժգոհություններին, Քոչարյանն ասաց. «Իսկ դրա այլընտրանքը որն է: Կա խորհրդարան, որտեղ մենք ընտրություններում չենք ունեցել այն արդյունքը, որ ակնկալում էինք, բայց ունենք այն, ինչ ունենք: «Հայաստան» դաշինքն ունի 29 մանդատ, «Պատիվ ունեմ»-ը ունի 5-6 մանդատ: Սա հարթակ է, որտեղ մենք հնարավորություն ունենք խնդիրներ բարձրաձայնել, ուղիղ երեսներին հարցերը տալ, այդ հարցերը բարձրացնել:
Ես լսում եմ քննադատություն, ասում են՝ ո՞ր հարցի պատասխանը չգիտեն, որ հարց են տալիս Նիկոլ Փաշինյանին: Այստեղ խնդիրն այն է, որ դեռեւս մեր երկրում կան մեր շատ հայրենակիցներ, որոնք այլ ձեւ են պատկերացնում, տեսնում են միայն իշխանության քարոզչության կողմից մատուցվող նարատիվները: Մեր խնդիրն է մեր այն հայրենակիցներն, որոնք դեռեւս մոլորված են, իրենց աչքերը բացելն է, մեր տեսակետը ցույց տալը, այն հույսով, որ ի վերջո, կհասկանան՝ ովքեր են այս իշխանություններն իրականում: ԱԺ-ն հարթակ է, որ մենք փորձում ենք օգտագործել:
Մենք կառչած չենք մանդատներից եւ եթե ունենանք այն համոզմունքը, որ մանդատները վայր դնելով մեր հիմնական խնդիրը կլուծվի, միանշանակ կգնանք դրան: Երբ ասում են՝ մանդատները դնելով ճգնաժամ կլինի, դա այդպես չէ»: