Նիկոլ Փաշինյանը ժողովրդին վախեցնում է Ալիեւով, պատերազմով եւ շարունակում է հանձնել: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքում՝ քաղաքացիների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Եթե այդ պատերազմն անխուսափելի է, պետք է պատրաստվել պատերազմի, ոչ թե ժողովրդի դիմադրությունը ջարդել, ասել՝ դուք թույլ եք, զենք չունենք, բանակ չունենք, դաշնակից չունենք ու գառի պես տանել, մորթել ժողովրդին: Հերիք է պատերազմով էս ժողովրդին վախեցնի: Էս էն նույն ժողովուրդն է, որ ազատագրեց Արցախը, որ 2 հայկական պետություն ստեղծեց: Հիմա հայտնվել է մեկն, ասում է՝ չէ, դա պատահականություն էր»,-ասաց նա:
Սաղաթելյանի խոսքով իրենց եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ գաղափարական տարբերությունը հետեւյալն է. «Ինքն ասում է՝ ինչ ուզում է՝ տանք, հետո մի կտորի վրա զարգացնենք Հայաստանը: Դա կլինի իրական Հայաստանի համար պայքար: Մենք ասում ենք՝ եթե դու զիջում ես քո ռազմավարական դիրքերը, քո ճանապարհները, կոմունիկացիաները, էդ պետությունն այս տարածաշրջանում այլեւս չի կարող գոյություն ունենալ: Բայց ինքը խաբում է ժողովրդին:
Գյումրիում Նիկոլ Փաշինյանն արդեն բոլոր խաղաքարտերը բացեց․ խոսում է շատ բաց, ասում է՝ ես և ՔՊ-ն ունենք մի առաքելություն՝ մենք պատմական Հայաստանից պետք է անցնենք իրական Հայաստան: Ու ասում է՝ ես պատմական Հայաստանի վարչապետը չեմ, ես ՀՀ վարչապետն եմ... Հայաստանի Հանրապետությունը, որի ղեկավարումն ինքը ստանձնել է 2018 թվականին, 42,500 քառակուսի կիլոմետրանոց հայկական 2 պետություն է եղել՝ Արցախի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետություն․․․ 42,500 քառակուսի կիլոմետրի 30 տոկոսն արդեն հանձնել է թշնամուն»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։