«Նոա» ֆուտբոլային ակումբը բացառիկ համագործակցություն է սկսել միջազգային պրոֆեսիոնալ մարզչական թիմի հետ, որը Հայաստան է ժամանել Պորտուգալիայից և կաշխատի «Նոա» ակումբում և ակադեմիայում, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։ Մարզիկների և զարգացման գծով մենեջերներ Պաուլո Լեյտաուն, Նունո Մոտան, որակի ապահովման և գործառնությունների մասնագետ Խորխե Ռաֆայել Սանտոսն ու ֆուտբոլիստների հավաքագրման մենեջեր Պաուլո Մորեյրան փորձառու մասնագետներ են։
Նրանք համագործակցել են եվրոպական մի շարք երկրների ակադեմիաների և ակումբների հետ, կրթել և աշխատել են մի շարք անվանի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են՝ Լուիշ Ֆիգուն, Կրիշտիանու Ռոնալդուն, Ռիկարդու Կուարեժման, Ռաֆայել Լեաուն, Գոնսալու Գուեդեշը, Նունու Մենդեշը և այլք։
«Մենք միշտ համագործակցել ենք այնպիսի ակումբների սեփականատերերի հետ, որոնց հետ կունենանք ընդհանուր գաղափար ու նպատակին հասնելու տեսլական։ «Նոայի» հետ համագործակցության հիմքում հենց այս սկզբունքներն են։ Ակումբի ղեկավարության հետ քննարկել ենք ակումբի և հատկապես ակադեմիայի զարգացման ռազմավարությունն ու եկել ենք ընդհանուր հայտարարի։ Երկար տարիներ աշխատելով ֆուտբոլային էլիտար կառույցներում, ունենալով բարձր արդյունքներ՝ պատրաստ ենք մեր փորձն ու գիտելիքները ներդնել «Նոայի» ու հայկական ֆուտբոլի զարգացման համար»,- «Նոային» միանալուց հետո ասել է ֆուտբոլիստների զարգացման գծով պատասխանատու Նունո Մոտան։
«Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանը նշում է. «Մենք հավաքագրել ենք այնպիսի միջազգային մասնագետների, որոնք մանկապատանեկան և պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացման ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծելու լուրջ փորձ ունեն: Այս պահին նրանք ուսումնասիրում են Ակադեմիայի ներկայիս դրությունն ու երկարաժամկետ զարգացման ռազմավարություն կազմում մեզ հետ:
«Նոան» միջազգային փորձը Հայաստան է բերում խելամիտ ձևով՝ հաշվի առնելով հայաստանյան իրավիճակը՝ բայց շարժվելով դեպի միջազգային գերազանցություն։ Վստահ եմ, որ մեր նոր գործընկերների ջանքերն ու գիտելիքն արդյունավետ կլինեն ոչ միայն «Նոայի», այլև ոլորտի համար առհասարակ»։