«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու՝ ԲԴԽ դատավոր անդամի թեկնածությունից հրաժարվելը բավականին խորը արմատներ ունի։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ժողովից առաջ ՀՀ իշխանության ամենաբարձր օղակներից նրա առաջ կոնկրետ հարցեր են դրել, որոնք անլուծելի են եղել բարոյականության դաշտում, եւ, ահա, դատավորը կայացրել է որոշում հրաժարվել ԲԴԽ գնալու մտադրությունից:

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված՝ դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին:


Ինձ համար մեծագույն պատիվ կլիներ դատավորներին տվյալ մարմնում ներկայացնելը, սակայն նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր, որոնք, իմ գնահատմամբ, ավելի կարեւոր են, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալը. հակառակ մոտեցումը կարող էր գնահատվել եսասիրական:
Հայցում եմ բոլոր դատավորների ներողամտությունը, հատկապես՝ նրանց, ովքեր իմ՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալու հետ կապված ունեցել են դրական սպասումներ»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: