Քիչ առաջ «Ազատության» հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր ելույթում նշեց, որ այսօր ողջ հայ ժողովուրդը գրեթե 80/20 հարաբերությամբ տոնելու է իր հաղթանակը և ոչ ոք թող չհանդգնի խլել այդ հաղթանակը:

«Ժողովուրդը հաղթել է և բոլորը գիտեն այդ մասին: Այսօր ես չեմ քննադատի որևէ մեկին: Սերժ Սարգսյանն իր բոլոր սխալներով հանդերձ ավելի լավն է: Ես գիտեմ գնահատել,  գիտեմ քննադատել և գիտեմ, որ այսօր «Ազատության» հրապարակում ՀՀ քաղաքացին հաղթել է և Ձեզ շնորհավորում եմ»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վերջինս իր ելույթում նշեց, որ 24 ժամ ժամանակ է տալիս Սերժ Սարգսյանին, որպեսզի ընդունի իր սխալները:

«Մենք պետք է մաքրվենք և ընդունենք մեր սխալները: Ով խոստովանի իր սխալը, ապա վաղը մինչև ժամը 5-ը կներվի ժողովրդի կողմից: Ես որևէ մեկի հրաժարականը չեմ պահանջել և չեմ էլ պահանջում»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը և ավելացրեց,որ իր հետագա քայլերի մասին կտեղակացնի վաղվա հանրահավաքի ժամանակ:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ վաղվա հանրահավաքի ժամանակ չի ակնկալում որևէ այլ կուսակցությունների ներկայությունը:

«Ես թիվ չեմ խփում, ինքն է խփում և ժողովուրդն է խփում իր հաղթանակը»,-հավելեց Հովհաննիսյանը:

Ինչպես տեղեկացնում է Yerevannews.am-ի թղթակիցը «Ազատության» հրապարակից, այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը լքել է հանրահավաքի վայրը և մասնակիցները նրա հետ միասին դուրս են եկել փողոց ու չնախատեսված երթով Մաշտոցի պողոտայով քայլում են: