Արարատի քաղաքապետի պաշտոնի համար կրքերը գնալով թեժանում են: Ընտրությունների կոնկրետ օրը դեռ հայտնի չէ, բայց հավակնորդների թիվը համալրվել է եւս մեկով։ Երեկ լուր ստացանք, որ քաղաքապետի թեկնածություն առաջադրելու մտադրություն ունի Արարատի ոստիկանապետ Կարեն Խաչատրյանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ, Արարատ եւ Վեդի քաղաքների ԲՀԿ տարածքային կառույցի նախկին փոխնախագահ, ում՝ ԲՀԿ-ից դուրս գալուց անմիջապես հետո, անցած տարի հունվարին նշանակեցին ոստիկանապետ: Խաչատրյանը 2004թ.եւս առաջադրել է իր թեկնածությունը եւ Հայկ Հայկյանի հետ միասին պարտվել նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանին, ով այս անգամ չի պատրաստվում առաջադրվել,-այս մասին գրում է Հրապարակ թերթը:

Նշենք, որ նախկին հավակնորդներից նախկին մանկավարժ, ՀՀԿ անդամ Հայկ Հայկյանը, ըստ լուրերի, այլեւս չի վայելում ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի հովանավորությունը: «Ավշարի» սեփականատերը, ում խոսքն այս քաղաքում վճռական ազդեցություն ունի, այժմ սատարում է ՀՀԿ-ական մյուս թեկնածու Վլադիմիր (Ժորա) Հովհաննիսյանին, ով երկար տարիներ աշխատել է գյուղնախարարությունում՝ վարչության պետի պաշտոն է զբաղեցրել: Նրան սատարելով՝ Արայիկ Գրիգորյանը կարծում է, որ Ժորան ավելի մեծ հնարավորություն ունի հաղթելու ԲՀԿ թեկնածու Սամվել Բարսեղյանին: Ի դեպ, լուրեր կան, որ հենց Արայիկ Գրիգորյանն էլ լինելու է ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարը: Մեզ հետ զրույցում նրա եղբայրը՝ Արամայիս Գրիգորյանն ասաց. «Դեռ վաղ է այդ մասին խոսել, դեռ շատ փոփոխություններ են սպասվում, եւ կառավարության որոշումը թող լինի, նոր կերեւա՝ շտաբի պետ կլինենք, թե ոչ»: