Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց: Այս նախագծով առաջարկվում է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Շենգավիթի Շիրակի փողոց 39/3 հասցեում գտնվող 2571.32 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.84536 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ ՊՆ-ի և Կոմիտեի միջև իրականացվել է Գույքի հանձնում-ընդունում և հաշվի առնելով, որ սեփականության իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն հողամասը հանդիսացել է հատուկ նշանակության՝ Կոմիտեի կողմից ձեռնարկվել է հողամասի նպատակային նշանակության փոփոխման գործընթաց, որի արդյունքում իրականացվել է իրավունքի պետական գրանցում և տրամադրվել է նոր վկայական հողամասի նպատակային նշանակության փոփոխմամբ։
2023 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 262 100 000 ՀՀ դրամ։
Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը կազմում է 261 100 000 ՀՀ դրամ։
Հատկացված հողամասի տվյալ պահին գործող հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 88 879 460 ՀՀ դրամ է։
Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 262 100 000 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 13 105 000 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և Գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 928 560 դրամ գումարը (ներառյալ՝ ԱԱՀ), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում՝ գնահատողի համապատասխան հաշվին ու չի ներառվում աճուրդի արդյունքում Գնորդի առաջարկած գնի մեջ։
Նախագծով նախատեսվում է նաև առաջին աճուրդի ժամանակ չվաճառված Գույքի վաճառքի նպատակով 6-ամսյա ժամկետում կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց Գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։