Նման մեկնաբանություններն անընդունելի են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 4-ին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցում այն մասին, որ եթե Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի եւ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը չհետաձգվի, ապա դա կարող է անկայունության վերածվել տարածաշրջանում։
Նա նշել է, որ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ համագործակցություն զարգացնել գործընկերների, այդ թվում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ։
«Այն պետությունները կամ կողմերը, որոնք դեմ են մեր համագործակցությանն այս ձեւաչափով, մեդիա-տարածքում փորձում են ավելի բարձր ակնկալիքներ ստեղծել, քան կարելի է ստանալ վաղվա հանդիպման արդյունքներով»,- նշել է Կոստանյանը։
Նրա խոսքով՝ դա արվում է, որպեսզի հետագայում հանրության մեջ հիասթափություն առաջանա։
«Վաղը լինելու է պատկառելի հանդիպում, որի արդյունքների մասին կհայտարարվի։ Օրակարգն ԱԳՆ-ն արդեն ներկայացրել է։ Հանդիպմանը քննարկվելու են մեծ մասամբ տնտեսական եւ հումանիտար հարցեր»,- ավելացրել է պաշտոնյան։