Եվրահանձնաժողովի նախագահը Ողջունում եմ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին միտված ջանքերը՝ չնայած երկրի առաջ ծառացած մարտահրավերներին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում՝ ԵՄ-ԱՄՆ-Հայաստան ձևաչափով եռակողմ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նա վերահաստատեց, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել իրականացվող բարեփոխումներին խորհրդատվության, տեխնիկական աջակցության եւ ֆինանսավորման միջոցով։
Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հավելեց, որ չեն մոռանում տեղահանված արցախահայության ծանր վիճակի մասին։ «Հայաստանում փախստականների հումանիտար իրավիճակը մնում է առաջնահերթություն։ Մենք ավելի քան երեսուն միլիոն եվրո ենք տրամադրել նրանց աջակցելու համար եւ պատրաստ ենք ավելին անել»,- նշեց նախագահ Ֆոն դեր Լայենը՝ իր ուրախությունը հայտնելով, որ կարող են հույս դնել Միացյալ Նահանգների վրա՝ որպես հավատարիմ եւ համախոհ գործընկեր այս ջանքերում։
«Մենք շարունակելու ենք բոլորս միասին աշխատել հանուն Հայաստանի ապագայի՝ կայուն ու բարգավաճ հարավկովկասյան տարածաշրջանում»,- եզրափակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահը։