Եթե անգամ անվտանգության սպեկտորն ուժեղ լինի և ամեն ինչ ստուգվի, միևնույն է Թուրքիայից և Ադրբեջանից սննդամթերքի ներմուծման դեպքում ակնհայտ վտանգ կլինի: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով գյուղատնտեսության նախարարության որոշմանը, նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«Գիտենք, որ ամենից շատ ներկրվելու է պտուղ-բանջարեղեն և այնպես կլինի, որ շատերը չեն էլ ցանկանա թուրքական սնունդ ձեռք բերել և հարց է առաջանում ինչպե՞ս պետք է շուկայում տարանջատվի տեղական և թուրքական սնունդը», - նշեց նա:

Նա ասուլիսի ընթացքում հիշեցրեց նաև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության YerevanNews.am-ի հարցումների պատասխանը: Հիշեցնենք, որ մենք գրավոր կերպով դիմել էինք ծառայությանը և պատասխան ստացել, որ հուլիսի 7-ից մինչ օրս Ադրբեջանից սնունդ չի ներմուծվել Հայաստան, իսկ Թուրքիայից ներմուծվածներից ստուգվել են միայն մաստակները, սակայն ներմուծվել են բազմաթիվ այլ ապրանքներ:

«Ես հստակ տվել եմ, թե ինչպես կարելի է փորձաքննության ենթարկել այնտեղից ներմուծված սնունդը: Իսկ իմ հարցադրմանը ծառայությունից պատասխանել են, որ ստուգումներն իրականացվելու են ՀՀ օրենքին համապատասխան», - նշեց նա:

Բաբկեն Պիպոյանն իր հարցադրման մեջ նշել էր նաև, որ ծառայությունը չունի այնքան կամք, որ հետևի և իրականացնի ստուգումներ, ինչին ի պատասխան ծառայությունից պատասխանել են, որ ծառայությունն ունի բավարար կարողություններ և կամք՝ կատարելու համար բոլոր ստուգումները:

Նա նաև ասուլիսի ընթացքում անդրադարձավ ԳՆ-ի պարզաբանումներին, որտեղ մի քանի կետեր իր համար հետաքրքիր էին: Մասնավորապես նախարարությունից պատասխանել էին, որ արգելանքի որոշումից հետո միևնույն է սնունդ ներմուծվել է, բանախոսի խոսքերով, նշանակում է, որ իրենք այդքան հնարավորություն չեն ունեցել, որ ստուգումներ անցկացնեն և կանխեն:

Նա նաև նշեց, որ այն ժամանակ, երբ ինքն աշխատում էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում, տեղյակ էր Թուրքիայից ներկրվող ապրանքների մասին, սակայն չէր բարձրաձայնում: Հատկապես նա նշեց, որ եղել է Վրաստանի միջոցով ապրանքի ներմուծում Հայաստան:

«Եթե վերահսկողութունը պետք է իրականացվի այնպիսին, ինչպիսին մինչ այժմ, ուրեմն պետք է արգելվի, իսկ եթե կարող են բավերավվել արդյունքները, թող ստուգումներ անցկացնեն», - նշեց նա: