Ա Սերիայի առաջատար «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը «Ուդինեզեի» նկատմամբ Իտալիայի առաջնության 31-րդ տուրի արտագնա խաղում։
«Տղաներն անհավանական են։ Նրանք միշտ ձգտում են առավելագույնին։ 31 խաղում ունենք 26 հաղթանակ, բայց պետք չէ կենտրոնանալ մրցաշարային աղյուսակի վրա։ Գիտենք, որ մնացած հանդիպումներում պետք է վաստակենք եւս 8 միավոր տիտղոսը նվաճելու համար, եւ պետք է մեր կենտրոնացումը պահենք ամենաբարձր մակարդակի վրա։
Ես հաջողակ մարզիչ եմ, որ գլխավորում եմ ամեն օր իմ առաջադրանքները կատարող այսպիսի թիմ։ Միակ դրվագը, որի առթիվ կարող եմ դժգոհել այս երեկո, բաց թողած սրընթաց հակագրոհն էր, բայց Մխիթարյանի անհավանական սեյվն այդ դրվագում խորհրդանշական է այս թիմի համար»,- Ինձագիի խոսքը մեջբերում է «Ինտերի» կայքը։
Իտալիայի առաջնության ավարտին մնացել է 7 տուր։ «Ինտերը» 82 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 14 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Միլանից»։ Հաջորդ տուրում «Ինտերը» ապրիլի 14-ին կմրցի «Կալյարիի» հետ։