«Բոլոր ժամանակներում էլ մեծերը սիրում են ասել` մեր ժամանակ ավելի լավ էր, երիտասարդները կրթված էին, կարդացած, բայց դա սուտ է, այդպիսի բան չկա: Այսօրվա երիտասարդները զարգացած, միասնական և պայքարող երիտասարդներ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի բնորոշում տվեց դերասան Վարդան Պետրոսյանը:

Նա հայտարարեց, որ տրանսպորտի գնի հերթական թանկացման դեպքում ևս մնալու է ակցիա անող երիտասարդների կողքին և մասնակցելու է Free car ակցիային : «Երիտասարդներն ասացին` քաղաքը մերն է, ձերը չէ: Այս համատարած թանկացումները ես բնութագրում եմ որպես ժողովրդի կաշին քերթելու պես մի բան: Սրանք անխիղճ և անմարդկային չափերով թանկացումներ են: Ամբողջ աշխարհում էլ կատարվում են թանկացումներ, բայց Հայաստանում սարսափելի են: Թող ոչ ոք չփորձի ինձ համոզել, որ գազի թանկացումը կապված է տնտեսական գործոնների հետ»,- իր խոսքում հավելեց Պետրոսյանը` տպավորություն հայտնելով, թե ով ինչ ուզում, թանկացնում է: «Ես միայն չեմ հասկանում, թե ինչ եք անելու ձեր կաբինետներում, ձեր թղթերի հետ: Դուք չեք տեսել այն երիտասարդությանը, որը պայքարել գիտի: Դուք այդպիսի բավականություն չեք ստացել»,- ասաց Պետրոսյանը` դիմելով իշխանություններին:

Լրագրողների այն հարցին, թե ինչ կարծիք ունի դերասանն այն հարցի շուրջ, որ թանկացումները համատարած արտագաղթի հետևանք կարող են լինել և արդյոք նա իր ներկայացումներում չի անդրադառնալու այդ խնդրին, Պետրոսյանը պատասխանեց, որ նա իր ներկայացումներով ոչ թե հեղափոխության, այլ միասնականության կոչ է անում, և իր համար դժվար է նման լուրջ հարցերը կատակով ներկայացնել: «Արտագաղթի մասին կատակով միայն վարչապետն է կարողանում խոսել, մեկ էլ` ես»,- հումորով ասաց դերասանը: