Դերասան Վարդան Պետրոսյանը ողբում է Մաքսային միության համար, քանի որ հայերը մտնում են այնտեղ:

«Մենք բան ու գործ չունենք, անընդհատ կողմնորոշվում ենք` Եվրոպա, թե Ռուսաստան: Բնական է, որ պետք է Ռուսաստանի կողքին մնալ, բայց պետք չէ թույլ տալ, որպեսզի Ռուսաստանի ճորտը դառնանք, իսկ մեր իշխանություններն ամեն ինչ անում են այդ ուղղությամբ: Սրա հետևանքով մենք շատ բան ենք կորցնելու, Մոսկվան է ասելու խնձոր ուտենք, թե չէ»,-ասաց Պետրոսյանը` հավելելով, որ Հայաստանը պահապան ձեռք չունի և պետք է ամուր կառչի իր արմատներից, որպեսզի աջն ու ձախը վտանգավոր չլինեն:

Հավելենք նաև, որ դերասանի նոր` «Ամեն երկուշաբթի» ներկայացումը հոկտեմբերի 1-ից Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնից կտեղափոխվի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն: Այս փոփոթույան հետ կապված` դերասանը հայտնեց, որ ուրախ են, որ գնում են մեծ դահլիճ, սակայն Պարոնյանը միշտ էլ մնում է հարազատ:

«Մասնավոր թատրոնի ներկայացուցիչները դատապարտված են տեղից տեղ գնալ: Ես ուրախ եմ, որ ներկայացումն ավելի լավ է ընթանում: Ամեն ներկայացման վերջում մենք միասնականության երգ ենք կատարում, ինչը հաղթանակի առաջին քայլն է: Այս ներկայացումը հոգեփոխության, հոգեվերանորոգման պես մի բան է»,- ընդգծեց Պետրոսյանը: