Երևանում որոշ եվրոպական դեսպանատներ թվիթերյան իրենց էջերում հայերենով և պարսկերենով տարածում են իրենց երկրների ղեկավարների միակողմանի և ոչ ճիշտ դիրքորոշումը Իրանի իրավական պատասխանի վերաբերյալ (Իսրայելին - խմբ.): Այս մասին ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Նրանք ցանկանում են հայ ժողովրդին ենթարկել իրենց կեղծ քաղաքականության ազդեցությանը և վարկաբեկել Իրանը հայկական հասարակական կարծիքում։ Ես նրանց խորհուրդ եմ տալիս դադարեցնել այս կեղծավորությունը և չփորձել Հայաստանին ներքաշել իրենց աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ։
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է, և որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հայ զինվորներն իսրայելական զենքից էին զոհվում։
Երկակի ստանդարտների քաղաքականության միջոցով տարածաշրջանում կայունություն ապահովելն անհնար է: Ձեր պահվածքը և ձեր անտրամաբանական աջակցությունը չար ռեժիմին բացարձակ չարիքը դարձնում են սովորական:
Եթե կայունություն եք փնտրում, ազնիվ եղեք։ Ահաբեկչությունը լավ կամ վատ չէ: Այս ընտրողական մոտեցումը միայն խրախուսում է Սիոնիստական ռեժիմի արկածախնդրությունը և տարածաշրջանը տանում դեպի պատերազմ։
Իրանի քաղաքականությունը հիմնված է խաղաղության և բարեկամության առանցքի վրա: Մեր ուղերձը տարածաշրջանին և ամբողջ աշխարհին խաղաղություն, անվտանգություն և առաջընթաց է բոլոր երկրների համար։
Հարևանության քաղաքականությունն Իրանի գլխավոր առաջնահերթություններից է»,- նշել է դեսպանը։