Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն՝ իրենց իրավունքների և անվտանգության ապահովման պայմանով: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է Ղարաբաղի տարածքը լքած հայ բնակչությանը, ապա, ինչպես նկատեցիք, Ադրբեջանի իշխանությունները վերաինտեգրման հատուկ ծրագիր են ընդունել։ Մեկ անգամ չէ, որ ընդգծվել է, որ Ռուսաստանը ողջունում և աջակցում է այդ քայլը։ Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու տարածաշրջան՝ պատշաճ կերպով ապահովելով իրենց իրավունքները և, իհարկե, անվտանգությունը»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է ամեն կերպ աջակցել այս գործընթացին։
Նրա խոսքով, այս հարցը պետք է տարանջատել 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Հայաստանը և Ադրբեջանը լքած ադրբեջանցիների և հայերի վերադարձի թեմայից. «Այս կատեգորիայի քաղաքացիների հնարավոր վերադարձի համար պայմաններ ստեղծելու համար մեծ աշխատանքի ծավալը պետք է կատարվի: Մեզ անհրաժեշտ է հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորում, պետք է երկրների միջև վստահության մթնոլորտ ստեղծել, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրում և հաղորդակցությունների ապաշրջափակում»։