Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Նյու Յորքում Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի ՄԱԿ-ի հատուկ համակարգող Թոր Վենեսլանդի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «հանցագործություններ կատարելիս վերահսկողությունից դուրս է եկել» և պետք է նրան զսպել, գրում է Mehr-ը։
Իսրայելի դեմ Իրանի պատասխան հարվածի վերաբերյալ Ամիր Աբդոլլահյանն ասել է, որ «այդ պատասխանն օրինական էր և հիմնված էր միջազգային իրավունքի վրա»։
Նրա խոսքով, թեև Իրանը կարող էր ավելի մեծ մասշտաբով իրականացնել այս գործողությունը, սակայն հարվածել է իսրայելական ռազմական դիրքերի միայն այն հատվածին, որտեղից նրանք ապրիլի 1-ին հարձակվել էին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։
«Սիոնիստական ռեժիմը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների աջակցությամբ Գազայում ջարդեր և ցեղասպանություն է իրականացնում անպաշտպան պաղեստինցի երեխաների և կանանց նկատմամբ»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Պաղեստինում իսրայելական հանցագործությունների դադարեցմամբ տարածաշրջանը կկայունանա և պաշտպանված կլինի։
Վենեսլանդն իր հերթին նշել է, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, իսկ պաղեստինցիների վիճակը ցավալի է:
Կոչ անելով անհապաղ դադարեցնել պատերազմը Գազայում՝ ՄԱԿ-ի համակարգողն ասել է, որ ՄԱԿ-ը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության թուլացմանը և կօգտագործի իր բոլոր ջանքերը՝ խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու համար: