Բաքուն իր սեփական ուժերն ունի Ղարաբաղում անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների ներկայությանը․ այժմ դա Ադրբեջանի Հանրապետության տարածքն է, որն ունի իր ուժերը՝ անվտանգությունն ապահովելու համար, և ակնհայտ է, որ այդ հարցը միակողմանի չի լուծվում։ Կարծում եմ, որ տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներից»,- նշել է նա՝ մեկնաբանելով ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի դուրսբերումը Ղարաբաղից։