ՀՀ վարչապետի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներառվել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ, ԱԱԾ, ՏԿԵՆ և Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչներ։
Խմբի աշխատանքների համակարգումը վերապահվել է ԱԱԾ դեպարտամենտի պետ Դավիթ Սանամյանին։
Խմբի կազմում են նաև ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանը, ԱԱԾ սահմանապահ ծառայության զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը և այլք։
Որոշումը ներկայացնում ենք ստորեւ.
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» N 570-Ա որոշումը՝
Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի համապատասխան հատվածների՝ տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները հստակեցնելու և համապատասխան Արձանագրություն-նկարագրության նախագիծ կազմելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ:
Աշխատանքային խմբի աշխատանքները կազմակերպելու նպատակով ներգրավել ոլորտային մասնագետներ՝ գեոդեզիստներ և քարտեզագիրներ։
Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հանձնարարել Պաշտպանության նախարարին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Կադաստրի կոմիտեի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ անհրաժեշտ օժանդակություն ապահովել խմբի աշխատանքներին: