Կան ուժեր, որոնք չեն ցանկանում ՀՀ սահմանների կայունությունը և անվտանգության մակարդակի բարձրացումը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Տավուշում սկսված սահմանազատման գործընթացին։
«Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, բայց հատկապես վտանգավոր են այն դրվագները, երբ, օրինակ, որոշ ուժեր փորձում են միջամտելու արդյունքում վիժեցնել գործընթացը»,- նկատեց պատգամավորը:
Դիտարկմանը, թե տավուշցիներն էլ են ընդվզում, ասում, որ ադրբեջանցիները մոտեցել են իրենց տներին, Վարդանյանն արձագանքեց. «Եթե ինչ-որ մեկը չի եղել Նախիջևանի սահմանին, ապա ասեմ՝ այնպես չէ, որ Երևանից Ադրբեջանը շատ հեռու է: Որևէ մեկը չի ցանկանում թշնամուն բերել ՀՀ տարածք, մենք պետք է ելնենք այն սկզբունքից, որ պետք է ունենանք հստակ և իրավականորեն հիմնավորված փոխընդունելի սահմանազատված սահման՝ հիմք ընդունելով այն վարչական սահմանները, որոնք եղել են ԽՍՀՄ փլուզման օրը։ Եթե ինձ ցույց տաք Ալամաթիի հռչակագրի շրջանակում ՀՀ ինքնիշխանության ներքո գտնված որևէ տարածք, որը ՀՀ-ն Տավուշում զիջում է հիմա, ապա դուք կարող եք իրավացի դուրս գալ, բայց նման քարտեզ չեք կարող ցույց տալ։ Շատ հստակ եմ ասում՝ սա գիծն է, այս գծից այս կողմ իմն է, այս գծից այն կողմ իմը չէ, և որևիցե քննարկում այստեղ չի կարող լինել»:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ:
Հիշեցնենք, որ այս պահին Ոսկեպարում ժողովուրդը փորձում է թույլ չտալ ականազերծել եկեղեցուց քիչ հեռու գտնվող տարածքը։ Եկեղեցին 7-րդ դարի եկեղեցի է։ Սահամազատումից հետո այն անցելու է Ադրբեջանի տիրապետոիթյան ներքո։
Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ թե պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված։