Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը տավուշցիների հետ հավասար պայքարում է սահմանազատման դեմ, երեկ գիշերը խոսել է Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանի հետ, որը մանրամասներ է պատմել ՀՀ փոխվարչապետի հետ հանդիպումից։
«Մանրամասներ չգիտեմ հանդիպումից, ես հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, գիշերը շատ ուշ էր` ժամը 02։00-ին կամ 03։00-ին։ Նա այլայլված էր, ասաց` ինչ կար, նույնն է մնացել, դեռ մի բան էլ ավելին։ Մանրամասն չի ասել, թե ինչ է արվելու։ Պայմանավորվեցինք այսօր հանդիպել իր, Ոսկեպարի և Բաղանիսի գյուղապետների հետ, ժողովուրդն էլ գա, մանրամասն պատմեն, թե ինչ են խոսել:
Ցավում եմ, որ երեք տարի է զգուշացնում էինք, բայց այս մարդիկ այնքան միամիտ ազնվություն ունեն, որ հավատում են, թե այդ մարդը ի պաշտոնե իրենց տերը պետք է լինի, իրենց շահերը պետք է պաշտպանի։ Իրականում երեկ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, տեղի է ունեցել այս գործընթացի վերջին արարը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը։
Նա վստահեցրեց` ճանապարհը փակած տավուշցիները ճիշտ և առաքինի գործ են անում, չեն համակերպվում ստի, չարիքի և կեղծիքի հետ, քանի որ սա միայն հայրենիքի հողակտորի հարց չէ. «Ո՞վ է այն մարդը, որն ուզում է խաբված լինել, չարքից պարտված լինել, կա՞ այդպիսի մարդ։ Ես չեմ հավատում, որ նման մարդ կա։ Քանի օր է՝ այս գյուղացիներն այստեղ են, ո՞վ է այս մարդկանց փողոց նետել, ասել, որ ձեր ճակատագիրն այսպես է լինելու։ Այս մարդիկ դուրս են եկել ճշմարության ու արդարության համար։ Այս մարդիկ հոգևոր խնամքի կարիք ունեն»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Տավուշի մարզի Կիրանցի վարչական ղեկավարը հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ։ Որպես պատճառ նշել է ապրիլի 22-ին կառավարության շենքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ Նոյեմբերյանի քաղաքապետի, Բաղանիս, Ոսկեպարի, Կիրանց և Բերքաբեր գյուղերի վարչական ղեկավարների հետ տեղի ունեցած հանդիպումն արդյունավետ չի եղել։ Կառավարության ներկայացուցիչները չեն համաձայնվել համայնքների ղեկավարների առաջարկին և, ըստ այդմ` նա հայտարարել է, որ ուզում է ուզում է հրաժարական տալ։