Այսօր՝ ապրիլի 23-ին, առեղծվածային պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորատուս գյուղի գերեզմաններում պայթյուն է եղել և կա զոհ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ գյուղի գերեզմանատան մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով փլուզվել է գերեզմանի պարսպի մի հատված։
Ոստիկանները, պարեկներն ու փրկարարները պայթունի վայրից մոտ 80-100 մետր հեռավորության վրա դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են տղամարդու դի։
Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, ոչ միայն ոստիկանությունն է պարզում, այլ նաև ահազանգով դեպքի վայր ժամանած ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները։
Տեղում են նաև փորձաքրեագետները։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, սպանություն, թե ինքնասպանություն, նույնպես պարզվում է։