Լեսթերի համալսարանի բրիտանացի աստղագետները եզրակացրել են, որ Յուպիտերի միգրացիան Արեգակնային համակարգի ծնունդից անմիջապես հետո ըստ ամենայնի, հանգեցրել է Երկրի և Մարսի մեծության նախամոլորակի՝ Թեյայի՝ Երկրի հետ բախման: Այս աղետի արդյունքում Լուսինն առանձնացել է Երկրից։ Հետազոտությունը հրապարակվել է Science գիտական ամսագրում։
Ըստ գոյություն ունեցող տեսության՝ մոտ 4,5 միլիարդ տարի առաջ երիտասարդ Արեգակնային համակարգում անկայունության դարաշրջան էր տիրում, որի ընթացքում մոլորակներն ու այլ երկնային մարմինները քաոսային կերպով սկսել են տեղաշարժվել տիեզերքում:
Գազային հսկաներ Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը սկզբնական փուլում միմյանց ավելի մոտ էին: Ժամանակի ընթացքում տիեզերական ձգողականության փոխազդեցությունները հանգեցրին Սատուրնի, Ուրանի և Նեպտունի միգրացիայի՝ դեպի համակարգի արտաքին սահմաններ: Մինչդեռ Յուպիտերը գնաց հակառակ ուղղությամբ։ Գիտնականները ենթադրում են, որ դրա շարժումը ապակայունացրել է օբյեկտները Արեգակնային համակարգի ներքին հատվածում:
Նոր հետազոտության ընթացքում գիտնականների թիմը կենտրոնացել է EL «էնստատիտ-խոնդրիտ» (Enstatit kondritlari) կոչվող երկնաքարի ուսումնասիրության վրա: Այն պարունակում է քիչ երկաթ և բաղադրությամբ և իզոտոպային հարաբերակցությամբ շատ նման է նյութին, որից առաջացել է Երկիրը: Միանմանությունները ցույց են տալիս, որ Երկիրը և EL-ը, ամենայն հավանականությամբ, խտացել են նախամոլորակային սկավառակի միևնույն հատվածից:
Սակայն EL-ի մայր մարմնի մյուս մասերը հայտնաբերվել են Երկրից բավականին հեռու՝ Մարսի և Յուպիտերի միջև գտնվող աստղակերպների գոտում: Դա նշանակում է, որ անցյալում ինչ-որ փոխազդեցություն ցրել է այդ օբյեկտները. հավանաբար մի մեծ աստղակերպ բաժանվել է բազմաթիվ բեկորների և ցրվել տիեզերքով մեկ։ Գիտնականները ենթադրում են, որ այս ուժն անկայունության պատճառով առաջացած Յուպիտերի տեղաշարժը կարող էր լինել:
Աստղագետները համակարգչային մոդելավորման միջոցով հաշվարկել են, որ Յուպիտերի միգրացիան տեղի է ունեցել Արեգակնային համակարգի ծնունդից 60-100 միլիոն տարի անց: Մոտավորապես նույն ժամանակ Երկրին է բախվել Թեյա մոլորակը, ինչը ենթադրել է տալիս, որ այս բոլոր իրադարձությունները փոխկապակցված են եղել: