Ճարտարագիտական համալսարանի 1-ին կուրսի ուսանող, Երևանի բնակիչ Հայկ Բագրատունյանը մեղադրվում է նրանում, որ 22.10.2012թ. ժամը 19:00-ի սահմաններում վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գ. Եղիազարյանի, Ս. Հարությունյանի, Ա. Սահակյանի մարմնի տարբեր մասերին` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս: Այս մասին YerevanNews.am-ը իմացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից:

Դատաքննությամբ պարզվեց, որ Արմեն Սահակյանը, Գարիկ Եղիազարյանը և Սարգիս Հարությունյանն եղել են համադասարանցիներ: Համադասարանցիներ են եղել նաև Հայկ Բագրատունյանը, Հրայր Բագրատունյանը, Գրիգորի Սարգսյանը և Սոնա Մացակյանը:
Արմեն Սահակյանը և Գարիկ Եղիազարյանը, որոնք ծառայում են բանակում, որպես պարտադիր ժամկետային զինծառայողներ, 16.10.2012 թվականից գտնվել են արձակուրդում` Երևան քաղաքում:

22.10.2012 թվականին, երբ Սոնա Մացակյանը գտնվել է Գրիգորի Սարգսյանի բնակարանում, նրան է զանգահարել Արմեն Սահակյանը և ցանկություն հայտնել հանդիպելու: Այդ մասին տեղեկացել է Գրիգորի Սարգսյանը, որից հետո վերջինս պայմանավորվել է Արմեն Սահակյանի հետ հանդիպել և զրուցել Սոնա Մացակյանին զանգահարելու նպատակի և այլ հարցերի պարզաբանման շուրջ: 22.10.2012 թվականին ժամը 19.00-ի սահմաններում, Գրիգորի Սարգսյանն իր ընկերներ` Հայկ և Հրայր Բագրատունյանների հետ գնացել են Երևան քաղաքի Պ.Տիչինայի փողոցի թիվ 34 շենքի բակ, որտեղ հանդիպել են Արմեն Սահակյանին, Գարիկ Եղիազարյանին և Սարգիս Հարությունյանին:

Գրիգորի Սարգսյանի և Արմեն Սահակյանի միջև եղած հարցերը պարզաբանվել են, որից հետո նոր վիճաբանություն է ծագել կողմերի միջև, որը վերածվել է կռվի: Կռվի ընթացքում Հայկ Բագրատունյանն իր մոտ եղած դանակով մի քանի անգամ դիտավորությամբ հարվածներ է հասցրել Արմեն Սահակյանի, Գարիկ Եղիազարյանի և Սարգիս Հարությունյանի մարմնի տարբեր մասերին: Հայկ Բագրատունյանի դանակի հարվածներից Արմեն Սահակյանի առողջությանը պատճառվել է ծանր, Գարիկ Եղիազարյանի առողջությանը` միջին, իսկ Սարգիս Հարությունյանի առողջությանը` թեթև վնասներ: Դանակից վնասվել է նաև Հայկ Բագրատունյանի ձախ դաստակի երկրորդ մատը:

Այնուհետև Հայկ և Հրայր Բագրատունյանները, ինչպես նաև Գրիգորի Սարգսյանը տարբեր ուղղություններով դիմել են փախուստի և միմյանց հանդիպել են Երևան քաղաքի Արարատյան զանգվածում, որտեղ Հայկ Բագրատունյանը ցույց տալով իր մոտ եղած դանակը հայտնել է, որ վիճաբանության ընթացքում մի քանի անձի դանակով հարվածել է: Վիճաբանությունից հետո Արմեն Սահակյանը և Գարիկ Եղիազարյանը բուժօգնության են դիմել ՙՄալաթիա՚ բժշկական կենտրոն, իսկ Սարգիս Հարությունյանը գնացել է տուն:
:
Քրեական գործի դատաքննության ընթացքում ամբաստանյալ Հայկ Բագրատունյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց և ցուցմունքներ տվեց այն մասին, որ 2012 թվականի հոկտեմբերի 22-ին ինքը պատահական հանդիպել է Գրիգորի Սարգսյանին, որի հետ գնացել են Երևան քաղաքի ՙբանկի կրուգ՚ կոչվող հատված, որտեղ ինքը որևէ մեկի հետ չի վիճաբանել և մարմնական վնասվածք չի հասցրել, քանի որ պատճառ չի ունեցել, առավել ևս որևէ շարժառիթ չի ունեցել որևէ մեկին մարմնական վնասվածք հասցնել, այն էլ դանակով, ինչպես նշված օրը, այնպես էլ առհասարակ ինքն իր մոտ դանակ չի ունեցել: Նշված վայրում իրեն համար անհասկանալի պատճառներով վիճաբանության է սկսվել և ինքը ու իր եղբայրը դրանից խուսափելով հեռացել են: Ինչ վերաբերվում է Գրիգորի Սարգսյանի կողմից տրված այն ցուցմունքին, որ ինքը նրան ցույց տվել դանակը և հայտնել, որ ինչ որ անձանց է հարվածել, ապա դա իրականությանը չի համապատասխանում:

Ցուցմունքներ են տվել նաև գործով վկաները, որոնց ցուցմունքները, սակայն դատարանն արժանահավատ չի համարում, քանի որ նպատակ ունի մեղմել Հայկ Բագրատունյանի արարքը:
Քննելով բոլոր ապացույցները և բոլոր վկաների ցուցմունքները, դատարանը վճռել է Հայկ Բագրատունյանին մեղավոր ճանաչել ու նրան դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով: Հայկ Բագրատունյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 80000 ՀՀ դրամ որպես կատարված փորձաքննության հետ կապված դատական ծախս: