Մայիսի 1-ի երեկոյան Ռուսաստանը նորից հարվածել է Օդեսային բալիստիկ հրթիռներով։ Գրոհը հաստատել է Օդեսայի ռազմական վարչության ղեկավար Օլեգ Կիպերը։ Նա տեղեկացրել է 14 տուժածների մասին։ Նրա խոսքով՝ հարվածների հետեւանքով տուժել է քաղաքացիական ենթակառուցվածքը։
Ուկրաինական մի շարք լրատվամիջոցներ նշել են, որ հիմնական հարվածը հասցվել է տեսակավորման դեպոյին եւ «Նովայա պոչտա» ընկերության բաժանմունքին, որը շտապ առաքման ծառայություններ է մատուցում։ Ընկերությունում տեղեկացրել են, որ զոհերի եւ տուժածների մասին տեղեկություն չունեն։
Ռուսական զորքերը վերջին ժամանակներս մշտապես գրոհում են Օդեսան բալիստիկ հրթիռներով։ Մայիսի 1-ի գիշերը նման հարվածի հետեւանքով զոհվել էր երեք հոգի, նրանց մեջ՝ ոստիկանության աշխատակից, վիրավորվել էր երեք մարդ։ Ապրիլի 29-ի հարձակման ժաամանակ զոհվել էին տեղի հինգ բնակիչներ, 32 հոգի վիրավորվել էր։ Տեղի իշխանությունները հավաստիացնում են, որ ռուսական բանակը խփում է բնակելի տներին եւ քաղաքացիական ենթակառուցվածքին։
ՌԴ ՊՆ-ն Օդեսայի հարվածները չի մեկնաբանել, բայց պնդում է, որ ընդհանուր առմամբ այսպես կոչված «հատուկ ռազմական գործողության» ժամանակ գրոհում է բացառապես ռազմական թիրախները։