ԱՄՆ 66 կոնգրեսական երկրի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին կոչ է արել 200 միլիոն դոլար հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականներին, ավելացնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, դադարեցնել բոլոր ռազմական ու անվտանգության հատկացումները Ադրբեջանին և ուսումնասիրել ադրբեջանցի պատերազմական հանցագործների դեմ պատժամիջոցների կիրառման հարցը։
Նամակն ուղարկվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալլարթին և կոնգրեսական Բարբարա Լիին:
Կոնգրեսականները նամակում կոչ են արել նաև Հայաստանին հատկացնել 20 միլիոն դոլար ռազմական ֆինանսավորում, 10 միլիոն դոլար՝ արտերկրում ռազմական կրթության և վերապատրաստման համար, ևս 10 միլիոն դոլար՝ իրավական բարեփոխումների, 10 միլիոն դոլար էլ՝ ժողովրդավարական բարեփոխումների համար:
Նամակի հեղինակները հատկապես մտահոգություն են հայտնել Հայաստանի դեմ նոր պատերազմ հրահրելու՝ Ալիևի ռեժիմի մտադրությունների վերաբերյալ։ Կոնգրեսականներն ասել են, որ Իլհամ Ալիևն իր ցեղասպան գործողություններով բազմիցս ապացուցել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում արդար խաղացող չէ, և Միացյալ Նահանգները չպետք է որևէ օգնություն տրամադրի նրա ռեժիմին անվտանգության ոլորտում:
Ամերիկացի օրենսդիրները դատապարտել են ԱՄՆ Պետքարտուղարությանը և միջազգային կազմակերպություններին, որ Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության չեն ենթարկում մարդու իրավունքների խախտումների համար: «Վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգները լրջորեն մտածի պատժամիջոցներ սահմանելու մասին, որպեսզի ադրբեջանցի պաշտոնյաները պատասխանատվության ենթարկվեն միջազգային իրավունքի բոլոր խախտումների համար»,- ասվում է նամակում։