Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
«12 զինծառայողները, այդ թվում՝ նախկինում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, շարունակում են բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում։ Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք նույնպես առաջիկայում կավարտեն բուժումը և դուրս կգրվեն հոսպիտալից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:
Վթարի հետևանքով, կա 4 զոհ և 20 վիրավորներ:
Նշենք, որ ՊՆ-ի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի ձորը ընկնելու գործով կալանավորվել է մեկ զինծառայող, զորամասի երկու պաշտոնատար անձ:
Ըստ իրավապահների՝ մեքենան թեք է կայանված եղել, ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները ոչ պիտանի լինելու պատճառով շարժվելիս մեքենայի շարժիչը կանգնած վիճակում չի գործարկվել և չի տաքացվել, փոխանցման տուփի միջոցով, առանց շարժիչը գործարկելու, կայանված տեղից բերվել է շարժման, ինչի հետևանքով վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և այն ճանապարհի բանուկ մասից թեքվել է դեպի աջ ու հայտնվել ձորում՝ հանգեցնելով 4 զինծառայողի մահվան և 19-ի տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալուն:
Զորամասի համապատասխան պաշտոնատար անձինք, տեղյակ լինելով ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները ոչ պիտանի լինելու մասին, թույլատրել են դրա երթը: