Ռուս սահմանապահներն սկսել են զանգվածաբար մերժել Ուզբեկստանի եւ Ղրղզստանի քաղաքացիների մուտքը. այս խնդրին օտարերկրացիները վերջին ժամանակներս բախվում են օդանավակայաններում եւ ցամաքային անցակետերում, գրել է «Агентство»-ն՝ հղում կատարելով իրավապաշտպան Վալենտինա Չուպիկին։ Ավելի վաղ ՌԴ իշխանությունները զանգվածաբար արգելում էին միայն Տաջիկստանի քաղաքացիների մուտքը երկիր։
Երկիր մտնել միգրանտներին սկսել են մերժել ապրիլի 24-ին եւ մայիսի 1-ին, ինչի հետեւանքով ռուսական օդանավակայաններում կուտակվել է մոտ 4 500 մարդ, նույնքան էլ չեն թողել ցամաքային անցակետերում, ասել է Չուպիկը։ Նա նշել է, որ Ռուսաստանը երբեք մինչ այժմ այսքան զանգվածաբար չի արգելել օտարերկրացիների մուտքը։ Այժմ Տաջիկստանի քաղաքացիները կազմում են բերման ենթարկվածների ընդհանուր թվի քառորդ մասը, մոտ կեսը միգրանտներ են Ուզբեկստանից, մնացածը՝ հիմնականում Ղրղզստանի քաղաքացիներ են։
Չուպիկի խոսքով՝ ապրիլի 24-ից միգրանտները իրեն մոտ երկու հարյուր դիմում են գրել, որոնցում դժգոհել են, որ իրենց ջուր եւ սննդամթերք չեն տալիս, չեն թողնում զուգարան գնալ, խլում են հեռախոսները՝ կատարվողին որեւէ բացարություն չտալով։ Շատ ձերբակալվածների հետ են ուղարկում մեկ-երկու օրվա ընթացքում, բայց երբեմն այդ գործընթացը կարող է մեկ շաբաթ ձգվել։
Սահմանապահները երկիր չեն թողնում մորուք ունեցող եւ անբեղ տղամարդկանց, ինչպես նաեւ գլխաշորով կանանց։ Մուտքի համար մերժում ստացածներից շատերը մինչ այդ արդեն աշխատելիս են եղել Ռուսաստանում։ «Առաջ պատահում էր, որ ամբողջական ինքնաթիռներ էին մերժում, բայց դա պատահում էր ամիսը մեկ անգամ, իսկ այժմ բոլորին անխտիր հետ են դարձնում»,- իրավիճակի մասին արտահայտվել է Չուպիկը։
Ուզբեկստանի եւ Ղրղզստանի ԱԳՆ-ներում առայժմ որեւէ կերպ չեն մեկնաբանել ստեղծված իրավիճակը։