Այսօր Մալմյոյում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի երկրորդ փորձը։ Առաջին ալիքի Armenia in Eurovision ֆեյսբուքյան էջում մի քանի վայրկյան է հրապարակվել «Ժակո»-ի փորձից։ Կադրերում խումբը փայլում է անմիջականությամբ, եւ ինչպես «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը նշել էր՝ բեմում, կարծես, «կենդանի համերգի շունչ լիներ»։
Ժակլին Բաղդասարյանին եւ Լուի Թոմասին միացել են նաեւ «Լադանիվա»-ի մյուս անդամները, որոնք բեմում հայտնվել են սպիտակ հանդերձանքով: Ժակլինը կրում է սպիտակ երկարաթեւ տոպ, որի ուսերը, պարանոցն ու թեւքերը զարդարված են կարմիր կտորով: Վերնազգեստը համադրված է շերտավոր մինի շրջազգեստով, որը լրացված է արծաթազարդ կարմիր գոտիով: Կերպարը հայկական են դարձրել խոշոր արծաթյա զարդերը, իսկ մազերը երգչուհին ոճավորել է թրենդահյին հյուսքերով:
«Լադանիվան» հանդես է գալու «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում՝ 8-րդ համարի ներքո։ Մրցույթն այս տարի անցկացվելու է մայիսի 7-ին, 9-ին եւ 11-ին՝ Շվեդիայի Մալմյո քաղաքում։