Խորեն Լևոնյանի հետ ամուսնացած դերասանուհի Լիկա Մեսրոպյանը ESem.am-ի հետ զրույցում նշել էր, որ եթե չհավանի իր խաղը կինոյում, այլևս երբեք հանդես չի գա ֆիլմերում:
ESem.am-ը Լիկայի հետ զրուցել է առաջիկա ծրագրերի մասին և պարզել, որ դերասանուհին չի հավանել իր խաղը ֆիլմում: «Ինչպես նշել էի, եթե խաղս չհավանեմ, չեմ նկարահանվի: Որոշել եմ առժամանակ հանդես չգալ սերիալներում, քանի որ ինքս ինձ շատ քննադատեցի, դժգոհ եմ ինձնից: Դժգոհությունս պայմանավորված էր նախապես քիչ աշխատելով: Հասկացա, որ հետ էի մնացել այդ արվեստից, քանի որ մոտ 3 տարի չէի խաղացել: Կարծում եմ` միանգամից արվեստին վերադառնալը սխալ էր: Ես գոնե պետք է հոգեբանորեն պատրաստվեի այդ կերպարի մեջ մտնելու համար: Բախտս բերեց, որ դերը փոքրիկ էր: Հետագայում մեծ սիրով կաշխատեմ հետաքրքիր, լավ, տաղանդավոր ռեժիսորի հետ, քանի որ նրանից շատ բան է կախված»,- ասել է Լիկան և ծիծաղելով հավելել, որ շատ խիստ ինքնաքննադատ է:
Ինչ վերաբերում է թատրոնին` Լիկան նշել է, որ չի կարոտում բեմը. «Կարոտը, բնականաբար, կա, որովհետև ես 16 տարի աշխատել եմ այնտեղ, ինչպե՞ս կարող եմ չկարոտել: Միակ բանը, ինչն ինձ համար զարմանալի է, այն է, որ ես չեմ կարոտում բեմը և բեմ նորից վերադառնալու ցանկություն չունեմ: Կարոտում եմ շենքը, կոլեկտիվը, փորձերը, սակայն միայն դա»:
Դերասանուհին վերադարձել է իր բիզնեսին` «Laki» տորթերի խանութ-սրահին. «Փորձում եմ այն ոտքի կանգնեցնել, քանի որ մրցակիցները շատացել են: Մրցակցությունը շատ լավ է. արդյունքում իմ աշխատանքն էլ է բարդացել: Ես մտել եմ բիզնես խաղի մեջ, որն ինձ համար շատ հետաքրքիր է: Չեմ վախենում մրցակցությունից, քանի որ մեր հաճախորդները կան, և գիտեն, որ մենք մեր աշխատանքում շեշտը դնում ենք մաքրության և որակի վրա: Ես ունեմ իմ մշտական հաճախորդները, ովքեր ոչ թե պակասել են, այլ շատացել»: