Ռուսաստանը Ուկրաինա արեւմտյան զորքեր ուղարկելուն կպատասխանի Վաշինգտոնին, Փարիզին եւ Լոնդոնին հասցվելիք միջուկային հարվածով, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

 

«Իրենց զորքերի ուղարկումը Ուկրաինայի տարածք կնշանակի այդ երկրների ուղիղ ներգրավում պատերազմի մեջ, որին մենք ստիպված կլինենք պատասխանել։ Եվ, ավաղ, ոչ Ուկրաինայի տարածքում։ Տեղի կունենա համաշխարհային աղետ»,- գրել է Մեդվեդեւը Թելեգրամ-ալիքում։

 

Նա նախազգուշացրել է, որ արեւմտյան էլիտաները չեն կարողանա թաքնվել Ռուսաստանի պատասխանից Կապիտոլիումի բլրում, Ելիսեյան պալատում եւ Դաունինգ սթրիթ-10-ում։ «Դա, ի դեպ, կարողացան հասկանալ Քենեդին եւ Խրուշչովը ավելի քան 60 տարի առաջ։ Բայց ոչ մի կերպ չեն ցանկանում հասկանալ Արեւմուտքում ներկայում իշխանության հասած ինֆանտիլ դեբիլները»,- ընդգծել է Մեդվեդեւը։

 

Մինչ այդ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր «առաջիկայում» զորավարժություններ սկսելու մասին, որոնց շրջանակում կմշակվի ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառումը։ Դրանց կմասնակցեն Հարավային ռազմական օկրուգի հրթիռային միավորումները, օդուժը եւ ռազմածովային նավատորմի ուժերը, նշել են ռազմական գերատեսչությունում։

Կրեմլում դրանից հետո հայտնել են, որ նախատեսված զորավարժությունները կապված են Արեւմուտքի պաշտոնատար անձանց հայտարարությունների հետ Ուկրաինա զինված ուժեր ուղարկելու վերաբերյալ։ «Մենք ձեզ հետ միասին բոլորովին վերջերս դարձանք լարվածության աննախադեպ աճի վկաները, որը նախաձեռնեցին Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը։ Այդ ամենը շատ վնասակար հռետորաբանություն էր»,- ասել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։