Ռուս զինվորականները զորավարժություններ կանցկացնեն, որոնց ընթացքում կփորձարկեն ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառումը, երկուշաբթի հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։

 

Զորավարժությունները տեղի կունենան «առաջիկայում», «ՌԴ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի» հանձնարարությամբ, «Ինտերֆաքսը» մեջբերել է գերատեսչության հայտարարությունը։

 

Զորավարժություններին կմասնակցեն Հարավային ռազմական օկրուգի հրթիռային միավորումները, օդուժը եւ ռազմածովային նավատորմի ուժերը, նրանց նպատակը «ոչ ռազմավարական միջուկային ուժերի պատրաստվածության բարձրացումն է մարտական գործողությունների կատարման համար», ինչպես նաեւ «ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման եւ կիրառման հարցերի մշակումը», ընդգծել են ՊՆ-ում։

 

Զորավարժությունները, ինչպես հավաստիացրել են գերատեսչությունում, իրականացվելու են «ի պատասխան որոշ արեւմտյան պաշտոնատար անձանց սադրիչ հայտարարությունների եւ սպառնալիքների», ինչպես նաեւ «Ռուսաստանի պետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության անվերապահ ապահովման» նպատակներով։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի դեմ պատերազմի առաջին իսկ օրերից հայտարարել է ռուսական միջուկային ուժերի «հատուկ ռեժիմի» մարտական հերթապահության մասին, իսկ կես տարի անց սպառնացել կիրառել «առկա բոլոր միջոցները» Ուկրաինայի օկուպացված տարածքների պաշտպանության համար։ 2023թ. սկզբին Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին, իսկ մեկ ամիս հետո տեղեկացրել է, որ տակտիկական միջուկային զենք է տեղակայում Բելառուսի տարածքում։

Միջուկային սպառնալիքների վերջին շարքը Պուտինը հնչեցրել է 2024թ. փետրվարին Դաշնային ժողովին հղած ուղերձում։ Մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերն Ուկրաինա արեւմտյան զորքերի հնարավոր ուղարկման մասին՝ Պուտինն ասել է, որ «հնարավոր ինտերվենտներին» կսպասեն «ողբերգական հետեւանքներ»։ Իրադարձությունների նման զարգացումը «սպառնում է հակամարտությամբ՝ միջուկային զենքի կիրառմամբ, ասել է թե՝ քաղաքակրթության ոչնչացմամբ», ասել է Պուտինը։