Պիտի կտրես այն ձեռքը, որ ստորագրել է՝ Արցախն Ադրբեջան է։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց դեպի Երեւան քայլերթին միացած Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր, «Եռաբլուրի» Սուրբ Վարդան եկեղեցու Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։

«Եկեղեցին միշտ եղել է ժողովրդի հետ։ Եկեղեցականները միշտ եղել են հոգեւոր հոտի հետ։ Ես թուրք ազերիների լավ գիտեմ, իրենց ձեռագիրը գիտեմ, նրանք խաղաղություն պարգեւող չեն, լավ իմացեք։ Իրենք կքանդեն ամեն ինչ, իսկ ռուս խաղաղապահները չլքեցին, մենք ասացինք՝ Արցախն Ադրբեջան է, էլ իրենք գործ չունեին անելու այնտեղ»,- նշեց Տեր Հովհաննեսը։

 

Դիտարկմանը, թե ռուս խաղաղապահների առաքելությունն էր՝ Արցախում պահել բնակիչներին, բայց չպահեցին, Տեր Հովհաննեսն արձագանաքեց․

«Արցախը մենք՝ հայ ժողովուրդը պիտի պահեինք։ Երեք պայման դրեցին՝ առաջինը որ պիտի ինտեգրվենք, թուրքի լծի տակ ապրելն անհնար էր, երկրորդը՝ պատերազմը, որը հնարավոր չէր, որովհետեւ Հայաստանը մեզ չէր երաշխավորում, ասաց՝ ձեր երաշխավորն ենք, բայց մեր թիկունքում չկանգնեց, երրորդը՝ պիտի թողնենք ու հեռանանք, մենք ընտրեցինք երրորդը։ Ես այդ իշխանությանը չեմ ընդունում, չեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է, այդ լեզուն պիտի կտրես, ձեռքը պիտի կտրես, որ ստորագրել է»։

Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի եւ քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ արդեն 3-րդ օրն է` շարունակում են քայլերթը, այսօր էլ այն մեկնարկեց Սեւանի թերակղզու խաչմերուկից։