ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոն երկուշաբթի մեկնաբանել է ՌԴ որոշումն առաջիկայում ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու մասին։ Այս մասին Ստանոն ասել է Բրյուսելում երկուշաբթի կայացած ճեպազրույցում, տեղեկացրել է «Европейская правда»-ն։

«Սա եւս մեկ ապացույց է, որ Կրեմլը շահագրգռված է իրավիճակի հետագա թեժացմամբ՝ կապված Ուկրաինայի դեմ նրա անօրինական ագրեսիայի հետ»,- ասել է Ստանոն։


«Եվ այսպես, մենք, իհարկե, Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնել էսկալացիան, անպատասխանատու հռետորաբանությունը, անպատասխանատու վարքը եւ ագրեսիան Ուկրաինայի դեմ»,- ավելացրել է նա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ագրեսոր երկրի կառավարիչ Պուտինի հանձնարարությամբ առաջիկայում կիրականացնի ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման զորավարժություն։

Խոսքը Հարավային ռազմական օկրուգի հրթիռային միավորումների զորավարժության մասին է՝ օդուժի, ինչպես նաեւ ռազմածովային նավատորմի ուժերի հետ։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման զորավարժությունները կապված են Արեւմուտքից հնչող հայտարարությունների հետ՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին։