Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել, եթե Տավուշից հող տա: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Ես չեմ ուզում, որ այդպես վարվի, բայց ինքն այդպես ասել է: Եթե ինքն իր խոսքը չի անում, ո՞նց է մեզ կամ որեւէ մեկին մեղադրում ինչ-որ բաների մեջ:
Մենք ասել են՝ հաշտության օրակարգ, խաղաղության օրակարգ, հաղթանակած խաղաղության օրակարգ, ոչ թե ծնկաչոք: Ասել ենք հոգեւոր մեղքից ազատագրության օրակարգ: Այս երթը ինքնամաքրվելու, ինքնաճանաչողության մասին է: Ինչի՞ են վախենում այդ մարդիկ, մենք գնում ենք ոտքով, ուխտի ենք գնում՝ ինքնամաքրվելով»,-ասաց նա:
Հարցին՝ իշխանությունն իրենցից վախենո՞ւմ է, Բագրատ Սրբազանը պատասխանեց. «Բա որ չեն վախենում, ինչու են էդ մակարդակով մեզ մեղադրում, ինչի՞ մեջ են մեզ մեղադրում: Պատերազմ հրահրելո՞ւ: Ախր պատերազմի մունետիկը ինչպե՞ս կարող է պատերազմ հրահրելու մեջ մարդկանց մեղադրի: Իմ գործը քայլելն է, քարոզելը, խոսելը»:
Անդրադառնալով նրան, որ մարդիկ իրենից քաղաքական ակնկալիք ունեն, նա ասաց. «Բայց չէ որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում: Ես քայլում եմ, հաշտության մասին եմ խոսում: Մենք իշխանություն ունե՞նք, որ իշխանափոխության պահանջ հնչի: Իշխանության գոյությունը պայմանավորված է երկրի անվտանգությամբ, բանակցությունների սեղանին իրենց ջանքը դնել, որ երկիրն անվտանգ լինի, ճիշտ ճանապարհով գնանք, որ մարդիկ նվաստացած, ստորացած չլինեն, իրենց սրտով զգան այս երկրի տերը: Դա է իրենց սեպուհ պարտականությունը: Եթե անում են՝ լավ, եթե չեն անում, ուրեմն չկա: Մի բան, որ չկա, ի՞նչը փոխես: Իշխանությունը ժողովրդինը չէ՞ր, հիմա ժողովրդին են փոխելո՞ւ: Ժողովուրդն ինչ կասի, դա էլ կանենք: Երեւի ինքը կգա, հրապարակում ելույթ կունենա, ինչպես խոստացել է, եւ կասի իր խոսքը:
Մենք ոչ մի ակնկալիք չունենք իրենից եւ որեւէ մեկից, ինքն է ասել՝ ձեռքս կկտրեմ, ես հիշեցնում եմ, ասել է՝ կգամ, հրապարակում ելույթ կունենամ, ես հիշեցնում եմ: Ես վատ բան չեմ ասում»:
Սրբազանը չհմաձայնեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իր այսօրվա ասուլիսը եւս ելույթ է ժողովրդի հետ. «Ոչ դա ելույթ չի, էկրանից այն կողմ, թիկնապահներով շրջապատված, դա ելո՞ւյթ է: Եկել է՝ր ոսկեպարցիների վրա հոխորտում էր, Կիրանցի ժողովրդին խաբում էր: մենք ասում ենք՝ պետք է ինքնամաքրվենք, մեղքերից ազատվենք, զղջանք ու ապաշխարենք»: