Ակնհայտ է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իր ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի հարցին։
Լրագրողը հարցրեց, որ եթե այս շարժումը չհաջողի արդյո՞ք չի խորանա եկեղեցու ղեկավար դասի եւ հանրության միջեւ առկա անջրպետը։ «Հարաբերությունների նման ճգնաժամի պայմաններում Գարեգին Բ-ն որքանո՞վ կարող է շարունակել ծառայել ժողովրդի հոգեւոր շահերին եւ ներկայացնել հայ ժողովրդին։ Իրադրության նման զարգացման պայմաններում արդյո՞ք պետք է պատասխանատվություն կրի»,- մասնավորապես հարցրեց լրագրողը։
Փաշինյանը պատասխանեց, որ Կառավարությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին․ «Ինչ տեղի կունենա, ինչ տեղի չի ունենա։ Ի վերջո Հայ առաքելական եկեղեցին ունի գործունեության իր կանոններն ու կանոնակարգը, որոնց մանրամասն չեմ էլ տիրապետում։ Ակնհայտ է, որ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում։ Իսկ ինչո՞ւ պիտի Կաթողիկոսը պիտի առաջնորդի քաղաքական շարժում։ Շարժման խոսնակը հայտարարել է, որ նպատակը նախորդ իշխանությանը Հայաստանում իշխանության բերելն է։ Այս սցենարը ներկայացվել էր 2021 թվականի ընտրություններից հետո, «Հայաստան» դաշինքի ղեկավարն էր այդ սցենարը ներկայացրել, թե ոնց պետք է եկեղեցու միջոցով իրականացնել Հայաստանում իշխանափոխութուն։ Ի՞նչ է նշանակում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից օրհնել, նշանակում է առաջնորդել, հոգեւորականը չի կարող առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի թույլտվության կամ հանձնարարության քաղաքական տեքստ ասել։ Ակնհայտ է, որ գործընթացի առաջնորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, շահառուն՝ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը»։