Շատերը երևի կենցաղային պրոբլեմներ ունեն, որ այս պահին չեն միանում շարժմանը: Այս մասին այսօր հայտնեց վաստակավոր արտիստ, դերասան Արամոն` անդրադառնալով մտահոգությանը, որ մտավորականներից քչերն են միացել Բագրատ սրբազանի նախաձեռնած շարժմանը: Նա նշեց, որ թատերական ու կինոյի աշխարհի իր ընկերներից շատերն արդեն մասնակցում են երթին: Վստահ է, որ առաջիկայում մյուսներն էլ են միանալու: «Ամեն մարդ իր կարծիքն ունի: Կան մոլորվածներ, բայց թող գան, միանան: Իրենց ցավն էլ տանեմ»,- նշեց դերասանը:
Արամոն համոզված է, որ շարժումը հաջողելու է: «Լույս է լինելու, որովհետև սա ճշմարտության, սիրո, ազնիվ լինելու երթ է: Չեք նկատել սրբազանի խոսքը` մենակ սեր է: Ոչ մի վիրավորանք չկա: Որպես հայ եկեղեցու քրիստոնյա ես պետք է իմ եկեղեցու հետ լինեմ: Ոնց կարող ենք եկեղեցու կողքին չլինել»,- ասաց վաստակավոր արտիստը: