Ես շատ լավ եմ հիշում, թե ինչպես էր 2018 թվականին Ալեն Սիմոնյանն իր հպարտությունը հայտնում, թե ինչպես է եկեղեցին միացել իրենց, բայց այսօր քննադատում է այդ եկեղեցուն, որը միացել է շարժմանը: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մոտ, ողջունելով Բագրատ սրբազանի գլխավորած երթի մասնակիցներին, հայտարարեց վաստակավոր արտիստ, դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանը: Նա կոչ արեց չտրվել կեղծ գաղափարախոսությանը, թե ինչ գործ ունի եկեղեցին երկրի ու պետականության հետ:
«Հիմա մեղադրում են, որ շարժումը ղեկավարում է եկեղեցին, սրբազանը: Ես պարզապես մի բան հիշեցնեմ, եթե չգիտեք պատմություն, եթե այսօր Ռուսաստանը որպես պետություն կա, և էլի շատ-շատ պետություններ, պարտական են միայն եկեղեցուն»,- նշեց նա:
Ողջունելով շարժմանն ու սրբազանին Դավիթ Հակոբյանը հայտարարեց, որ որպես դասախոս կարող է մեղադրել ուսանողներին դասերից բացակայելու համար, սակայն չի նախատում: «Աստված օգնական և պահապան Ձեզ: Երբեք ուշ չէ ինչ-որ լավ բան անել: Մնացածը սուտ է: Ազնիվ եղեք ինքներդ ձեր խղճի հետ: Սա կուսակցական շարժում չէ: Կարևորը համախմբվածությունն ու հավաքականությունն է»,- նշեց վաստակավոր արտիստը: Նա հիշեցրեց Չարենցի խոսքերը` մեր ուժը մեր հավաքականության մեջ է:
Նշենք, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները միացել են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը։