Ուռուցքային հիվանդությունների ավելի քան 30 տեսակների պատճառ կարող է լինել ավելորդ քաշը։ Գիտնականները հայտնաբերել են կապ ճարպակալման եւ քաղցկեղի միջեւ հիվանդության 40 տոկոսի դեպքում։
Մասշտաբային հետազոտության արդյունքների մասին, որի շրջանակում ուսումնասիրել են 4,1 մլն մարդու առողջական վիճակը, տեղեկացրել է The Telegraph-ը։
Սպասվում է, որ 40-ամյա հետազոտության վերաբերյալ հաշվետվությունը հեղինակները կներկայացնեն Ճարպակալման եվրոպական կոնգրեսում, որը տեղի է ունենում Վենետիկում մայիսի 12-15-ին, գրել է «Ռուբրիկան»։ Դիտարկումների ընթացքում գիտնականները հայտնաբերել են ուռուցքային հիվանդությունների առաջացման 333 հազար դեպք, որոնց 40 տոկոսը կապված է եղել ավելորդ քաշի հետ։
«Հետազոտության արդյունքները կարեւոր են հանրային առողջության համար։ Պարզվել է, որ ճարպակալման հետ է կապված քաղցկեղի դեպքերի 25 տոկոսը, բայց դրանց ընդհանուր թիվը հասնում է 40 տոկոսի, եթե հաշվի են առնվում ուռուցքաբանության հետ կապված պոտենցիալ հիվանդությունները։
Դա նշանակում է, որ քաղցկեղի դեպքերի զգալի մասը կարելի է կանխել՝ մարմնի նորմալ քաշը պահպանելով»,- ասում են գիտնականները։
Նախնական միջազգային ուսումնասիրությունը ի հայտ է բերել քաղցկեղի 13 տեսակներ՝ կապված ճարպակալման հետ։ Խոսքը, մասնավորապես, աղիների, կրծքի, արգանդի եւ երիկամների քաղցկեղի մասին է։
Եվ այս աշխատանքում գիտնականները հավաստիացնում են, որ քաղցկեղի այդ տեսակների քանակը հասնում է 32-ի եւ ներառում է.
չարորակ մելանոման,
ստամոքսի, բարակ աղիի եւ հիպոֆիզի ուռուցքները,
գլխի քացկեղի, ամոթույքի (վուլվա) եւ սեռական անդամի առանձին տեսակների քաղցկեղը։
Նոր հետազոտությունը վկայում է, որ մարմնի զանգվածի ինդեքսի ավելացումը հինգ կետով տղամարդկանց մոտ բարձրացնում է նման քաղցկեղի հավանականությունը 24 տոկոսով, կանանց մոտ՝ 12։
Հետազոտության հեղինակները կարծում են, որ ճարպակալման ազդեցությունը քաղցկեղի վրա կարող է ավելին լինել, քան կարծում էին մինչ այժմ։
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Վիկտորյա Աթկինսը նշել է, որ լիարժեք սննդի, մշտական ֆիզիկական վարժությունների ընտրությունը եւ հրաժարումը ծխելուց կարող են երկարացնել կյանքը եւ մարդկությունն ավելի առողջ դարձնել։