ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի գիտնականները Արեգակի վրա ամենաբարձր դասի՝ X8.7 հզոր բռնկում են գրանցել։ Սա ամենաուժեղ արևային բռնկումներից մեկն է 2017-ից ի վեր․ այդ ժամանակ գրանցվել էր X8.2 բռնկում։
Մայիսի 14-ին Մոսկվայի ժամանակով ժամը 19:51-ին (Երևանի ժամանակով 20։51) արևային 3664 բծերի խմբում 16 րոպե տևողությամբ գերհզոր ռենտգենյան բռնկում է տեղի ունեցել։ Ներկայումս էներգետիկ պրոտոնային հոսքերից ճառագայթման վտանգի մակարդակը գնահատվում է թույլ (S1): Ինստիտուտը սակայն չի հայտնել, թե արդյոք այս բռնկումը կարող է մագնիսական փոթորիկ առաջացնել Երկրի վրա։
Արևային բռնկումները Արեգակի մակերևույթի վրա տեղի ունեցող ժայթքումներն են, որոնք արձակում են էլեկտրամագնիսական ճառագայթման ինտենսիվ պայթյուններ: Դրանք առաջանում են, երբ արեգակնային մթնոլորտում կուտակված մագնիսական էներգիան արձակվում է։
Արևային բռնկումները դասակարգվում են հինգ հզորության մակարդակների՝ A-ից մինչև X, ընդ որում յուրաքանչյուր հաջորդ կատեգորիա 10 անգամ ավելի մեծ է, քան նախորդը: Ավելի բարձր X դասի բռնկումները հաճախ ուղեկցվում են արևային պլազմայի արտանետումներով, որոնք կարող են մագնիսական փոթորիկներ առաջացնել Երկիր հասնելու ժամանակ: Այդպիսի մի փոթորիկ Երկիր է հասել մի քանի օր առաջ։
Վերջին շրջանում Արեգակի վրա բռնկումներն ավելի հաճախ են տեղի ունենում, քանի որ Արեգակը մոտենում է իր 11-ամյա արեգակնային ցիկլի ամենաակտիվ փուլին, որը հայտնի է որպես «արևային առավելագույն»: