Կիրանցում վաղ առավոտից նոր ճանապարհի ու կամրջի չափագրման աշխատանքներ են իրականացվում։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Կիրանցի բնակիչներից մեկը։

 

«Այդ ճանապարհն էս պահին Աճարկուտով է անցնելու, հետո թեքվելու է Կիրանց ու միանա այժմ գործող հիմնական ճանապարհին։ Միջպետական ավտոճանապարհների ստանդարտներով ճանապարհ են ուզում սարքել՝ Աճարկուտի միջով։ Մի հատ էլ կամուրջ են սարքելու, մեր հիմնական կամուրջը կանցնի Ադրբեջանին, դրանից մոտ 200 մետր վերև էլ կկառուցվի կամուրջը»,- պատմեց Կիրանցի բնակիչը։


Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել էին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվել է, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվեր մինչև 2024 թ. մայիսի 15-ը: Հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրել են ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։

 

Նշենք, որ ԱԱԾ–ն մայիսի 19-ին հայտարարել է, որ սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են ՀՀ պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ, և ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից` Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։