NASA-ի ֆինանսավորմամբ իրականացվող հրթիռային նորարարական համակարգը կարող է հեղափոխել ապագա առաքելությունները դեպի Մարս՝ դեպի Կարմիր մոլորակ ճանապարհորդության ժամանակը կրճատելով մինչ երկու ամիս, տեղեկացնում է Space.com-ը:

 

Մարսի վրա մարդկանց վայրէջք կատարելու նպատակի իրագործման ճանապարհին բազմաթիվ դժվարություններ են ի հայտ եկել, այդ թվում՝ հեռավոր մոլորակ արագորեն մեծ բեռներ տեղափոխելու անհրաժեշտությունը։ Կախված Երկրի և Մարսի դիրքերից՝ ներկայիս տեխնոլոգիաների պայմաններում Երկրից դեպի Մարս և հակառակ ուղղությամբ ճանապարհորդության համար կպահանջվի գրեթե երկու։

Իմպուլսային պլազմային հրթիռը (Pulsed Plasma Rocket, PPR), որը մշակում է Howe Industries ընկերությունը, շարժիչ համակարգ է՝ նախագծված խորը տիեզերական առաքելություններն իրականացնելու շատ ավելի արդյունավետ կերպով, քան ներկայիս շարժիչներն են թույլ տալիս, հնարավորություն կտա Երկրի և Կարմիր մոլորակի միջև ճանապարհորդությունն իրականացնել ընդամենը երկու ամսում: Մասնավորապես, հրթիռը կունենա բարձր հատուկ իմպուլս կամ Isp, որը չափում է, թե որքան արդյունավետ է շարժիչը մղման ուժ գեներացնում, ասվում է NASA-ի հայտարարությունում։

Հիմնված լինելով իմպուլսային միջուկային սինթեզի (Pulsed Fission Fusion) կոնցեպտի վրա՝ PPR-ն օգտագործում է տրոհման վրա հիմնված միջուկային էներգիայի համակարգ, որն էներգիա է ստանում ատոմների վերահսկվող տրոհումից՝ տիեզերանավերի շարժման համար մղման ուժ գեներացնելու համար: Այնուամենայնիվ, PPR-ն ավելի փոքր է, պարզ և ավելի մատչելի, քան նախորդ կոնցեպտները:

Բացի նրանից, որ այն հնարավորություն կտա հետագայում իրականացնել հեռահար առաքելություններ, PPR-ը կարող է կիրառվել շատ ավելի ծանր տիեզերանավերի դեպքում, ինչը նշանակում է, որ լրացուցիչ պաշտպանություն կարող է տեղադրվել տիեզերանավի վրա, որպեսզի տիեզերագնացներն ավելի քիչ ենթարկվեն վնասակար բարձր էներգիայի մասնիկների (կոչվում են Գալակտիկական տիեզերական ճառագայթներ) ազդեցությանը, որոնք առաջանում են երկարատև տիեզերական թռիչքների ժամանակ:

«PPR-ը թույլ է տալիս բացել տիեզերքի ուսումնասիրության բոլորովին նոր դարաշրջան։ PPR-ի բացառիկ կատարողականությունը, որը համատեղում է բարձր Isp և բարձր մղման ուժ, տիեզերքի ուսումնասիրությունը հեղափոխելու ներուժ ունի։ Համակարգի բարձր արդյունավետությունը թույլ է տալիս, որ մարդատար առաքելությունները Մարս կատարվեն ընդամենը երկու ամսվա ընթացքում»,- ասվում է ՆԱՍԱ-ի հայտարարությունում։

PPR-ի հայեցակարգն այժմ անցնում է ՆԱՍԱ-ի նորարարական առաջադեմ հայեցակարգի (NIAC) ուսումնասիրության երկրորդ փուլ՝ ավարտելով առաջինը, որը կենտրոնացած էր շարժիչ համակարգի նեյտրոնային ֆիզիկայի, տիեզերանավի նախագծման, էներգահամակարգի և պահանջվող ենթահամակարգերի և մագնիսական վարդակների հնարավորությունների վերլուծության և հետագծերի և դրա առավելությունների բացահայտման վրա։

Երկրորդ փուլի ընթացքում մշակողները կհիմնվեն առաջին փուլի գնահատականների վրա՝ օպտիմալացնելու շարժիչի կառուցվածքը, իրականացնելու գաղափարի փորձարկման փորձեր և նախագծելու տիեզերանավի կոնցեպտը՝ դեպի Մարս անձնակազմով թռիչքներն ավելի լավ պաշտպանելու համար: PPR-ը մի գեղեցիկ օր կարող է ՆԱՍԱ-ին էլի մոտեցնել Մարսի վրա բազաներ կառուցելուն, որտեղ առայժմ միայն ռոբոտ հետախույզներ են գնում։