Սերժ Սարգսյանը երեկ ՀՀԿ-ականների հետ նշել է նախագահական ընտրություններում իր հաղթանակը: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի ՀՀԿ-ական աղբյուրները` Ս. Սարգսյանի հաղթանակը ՀՀԿ-ականները նշել են ոչ թե ռեստորանում, այլ բոլորովին վերջերս վերանորոգված ՀՀԿ կենտրոնական գրասենյակի շենքում մեծ ֆուրշետով: Բայց սրանով չի ավարտվելու «քեֆերի» գործընթացը: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀԿ-ականները որոշել են նաև մի քեֆ-ուրախություն կազմակերպել մարզպետերի մակարդակով` արդեն Վայոց Ձորի «Որսկան» ռեստորանում: Թեև նշվել է, որ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն է այդ խնջույքի կազմակերպիչը, այնուամենայնիվ նա հերքել է լուրը. «Ի՞նչ է նշանակում նշել հաղթանակը: Ես տենց բան չեմ լսել, որ ինչ-որ բան պետք է կազմակերպել: Ձեզնից եմ լսում դրա մասին»: