Ես մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին մասնակցելու եմ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ: Հորդորում եմ իշխանությունների վարած քաղաքականությունը չընդունող բոլոր անձանց ևս մասնակցել հավաքին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը․

«Ի գիտություն շարժմանն արցախցիների մասնակցությունը շահարկող անձանց՝ մենք բոլոր իրավունքներն ունենք մասնակցելու ՀՀ քաղաքական գործընթացներին, քանի որ՝


  1. ՀՀ Սահմանադրությամբ հավաքներին մասնակցելու իրավունքը և կարծիքի արտահայտման ազատությունը տրված է յուրաքանչյուր անձի:
  2. ՀՀ իշխանությունների որոշումները ուղղակիորեն ազդել և ազդում են նաև արցախցիների վրա. Նույնիսկ կասեի, որ ամենաշատն են ազդել մեզ վրա:
  3. Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ՝ մենք հետևում ենք մեր հոգևոր հայրերի առաջնորդությանը:
  4. Մենք շարունակում ենք կրել ՀՀ անձնագիր, որը մինչև 2023թ. հոկտեմբերը մեզ փաստացի տալիս էր ՀՀ քաղաքացու ամբողջական կարգավիճակ, իսկ հիմա արհեստականորեն իջեցվել է մեր կարգավիճակի նշաձողը:

Դադարեցրե՛ք արցախցիների դեմ խտրականության ու ատելության քարոզն ու շահարկումները»,- գրել է նա։